Մեր ակնկալիքներն են, որ ԵՄ առաքելությունը որոշակի փաստահավաք մաս կունենա, և այդ փաստերը կվկայեն Հայաստանի պնդումները, որ տեղի է ունեցել ագրեսիա. Արարատ Միրզոյան

Mirzoyan

  Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին լրագրողները հարց ուղղեցին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման մասին, մասնավորապես, թե Հայաստանն ինչ ակնկալիքներ ունի:

«Մեր ակնկալիքները փոփոխության չեն ենթարկվել, մենք ակնկալում ենք միջազգային դերակատարում Հարավային Կովկասում և, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան սահմանին խաղաղության հաստատման գործում:

Մեր ակնկալիքներն են, որ ԵՄ առաքելությունը որոշակի փաստահավաք մաս կունենա, և այդ փաստերը կվկայեն Հայաստանի պնդումները, որ տեղի է ունեցել ագրեսիա ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, և կա ադրբեջանական զորքերի ներխուժում ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք, համապատասխանում են իրականությանը:

Բայց այս առաքելությանը պետք է վերագրենք նաև հետագա նոր ագրեսիայի կանխման կարևոր առաքելություն և կայուն խաղաղության հաստատում: Հույս ունեմ, որ ԵՄ-ից եկող այս առաքելությունը դերակատարում կունենա»,- ասաց Միրզոյանը:

Միրզոյանը տեղեկացրեց, որ քննարկվում է նաև ՀՀ տարածքից ՀՀ-Ադրբեջան սահմանին ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման: Նախարարի խոսքով՝ շատ մոտ ապագայում այս մասով հստակեցում կլինի:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ դիտորդներին, Միրզոյանը նշեց.

«Դիմել ենք ՀԱՊԿ-ին, որին անդամակցում ենք: Այդ կազմակերպությունում որոշում է կայացվել նախնական փաստահավաք առաքելություն ուղարկել: Եկել են պաշտոնյաները, իրենց արձանագրումների հիման վրա զեկույց են պատրաստել, այն ներկայացված է բոլոր անդամ-պետություններին: Զեկույցի հիման վրա քարտուղարությունը որոշման նախագիծ է շրջանառել, մենք բանավոր քննարկումներով փորձել ենք հասկանալ՝ երբ կարող է տեղի ունենալ ՀԱՊԿ խորհրդի նիստը, որտեղ երկրների ղեկավարները կարող են քննարկել նաև այդ առաքելության գործուղումը: Աաս փուլում ենք այժմ: Որոշում չկա, քննարկումներ կան»:

Նա չափազանց կարևորեց իրավիճակի քաղաքական գնահատականը:

«Մեզ նախևառաջ պետք է հասկանալ՝ որքանով է կազմակերպությունը ճանաչում այս իրավիճակը»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

Ձեզ կեհաքրքրի...