Էրդողանը հիշեցրել է, որ ինքը տնտեսագետ է՝ ասելով, որ գնաճն իր երկրի համար խնդիր չէ

Erdoghani tntesutyun

  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հարցազրույց է տվել ամերիկյան «PBS» հեռուստաալիքին։ Ի թիվս արտաքին քաղաքական թեմաների՝ պատասխանել է նաև Թուրքիայի տնտեսական վիճակին առնչվող հարցերի։

Էրդողանը Թուրքիայում առկա 80% գնաճը երկարաժամկետ կտրվածքով խնդրահարույց չի համարել՝ ասելով, որ տարեվերջին իրենք կհաղթահարեն գնաճը: Շեշտելով, որ ինքը տնտեսագետ է՝ Էրդողանը հայտարարել է, որ իր երկրում խանութների դարակները դատարկ չեն, այնինչ ներկայում նույնիսկ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում ու Գերմանիայում դարակները դատարկ են: 

Խոսելով ուկրաինական պատերազմի մասին՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ Ուզբեկստանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մանրամասն քննարկել են այդ թեման ու ավելացրել, որ իր տպավորությամբ ռուսական կողմն էլ «ձգտում է այդ գործը ժամ առաջ վերջացնել»: Էրդողանը տեղեկացրել է նաև Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև 200 գերիների փոխանակման վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվելու մասին:

Հաղորդավարը Էրդողանից հետաքրքրվել է, թե արդյոք Թուրքիան կարող է խոչընդոտել Շվեդիայի ու Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը, եթե այդ երկրները չկատարեն Անկարայի պահանջները: Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ այդ հարցում վերջնական որոշումն իրենց խորհրդարանը կկայացնի՝ հիշեցնելով, որ դաշինքի որևէ անդամ երկրի բացասական պատասխանը կնշանակի այդ երկրների անդամակցության գործընթացի դադարեցում:

 

Ermenihaber.am

Ձեզ կեհաքրքրի...