ՌԴ դեսպանությունը ՀՀ ԱԳՆ նոտա է հղել՝ ընդդեմ «Սուրմալու»-ի պայթյունի մեջ ՌԴ-ի հասցեին մեղադրանքների

RD AGN

 Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում իրենց վրդովմունքն են հայտնում օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ռուսական կառույցներին մեղադրելու մեկնաբանությունների վերաբերյալ: «Մենք վրդովված ենք տեղական տեղեկատվական տարածքում արծարծվող ցինիկ նյութերից, որոնք սրբապիղծ ու կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսական կառույցների հասցեին այս տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգությանը մասնակից լինելու վերաբերյալ»: 

«Մենք դա դիտարկում ենք որպես ուղղակի սադրանք նման զրպարտությունների հետևում կանգնած քաղաքական ուժերի կողմից, որոնց նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Մենք Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսևորումների դադարեցմանը, ներառյալ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունների»,- ասվում է Հայաստանում ՌԴ դեսպանատան տարածած հայտարարության մեջ և նշվում, որ դեսպանատան համապատասխան նոտան ուղղված է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը: 

«Նշենք, որ ռուսական կողմը՝ ի դեմս Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի, առաջին իսկ րոպեներից ներգրավվել է ողբերգության հետևանքների վերացման աշխատանքներին»,- հավելել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը:

Ձեզ կեհաքրքրի...