Թուրք տնտեսագետ․ «Ռուս-արաբական փողերն էլ Էրդողանին չեն փրկի»

Turq tntesaget

Անգամ եթե Ռուսաստանից կամ Սաուդյան Արաբիայից միլիարդավոր դոլարներ գան Թուրքիա, քանի դեռ​​կայունացման համապարփակ փաթեթ չի որոշվել, դա միայն կհանգեցնի գնաճի ահագնացմանը։

Ռուս-արաբական փողերն էլ Էրդողանին չեն փրկի։ Նման կարծիք է հայտնել թուրք անվանի տնտեսագետ Աթիլա Յեշիլադան «Youtube»-ով հեռարձակվող հաղորդման ընթացքում։

Նա նշել է, որ ի տարբերություն Սաուդյան Արաբիայի՝ Ռուսաստանից ավելի շատ գումար կարող է գալ, քանի որ Ռուսաստանն ակնկալում է, որ Թուրքիան կօգնի շրջանցել պատժամիջոցները։

«Ենթադրենք, Ռուսաստանից 50 միլիարդ դոլար եկավ։ Դա կօգնի՞ նախագահ Թայիփ Էրդողանին ընտրություններում հաղթել։ Չի՛ օգնի։ Նույնիսկ մեկ քվե չի բերի։ 80 տոկոս գնաճ ունենք, գումարը եկավ, ծախսերը կրկնապատկեցինք, ի՞նչ կլինի գնաճը։ Կհասնի 160 տոկոսի։ Քանի որ Թուրքիայում ծախսերը հասնում են ընթացիկ հաշվի դեֆիցիտի, Պուտինի տված գումարի մեծ մասը կուղղվի ընթացիկ հաշվի դեֆիցիտի ֆինանսավորմանը: Բացի այդ գումարի մեծ մասը կգնա իշխանությանը մոտ կանգնած անձանց»,-շեշտել է տնտեսագետը։

Յեշիլադան նաև ընդգծել է, որ այսուհետև Էրդողանին քվե չի բերի անգամ թուրքական լիրայի արժևորումը։

«Թուրքիայում ժողովրդի խնդիրը գործազրկությունն է, աղքատությունն է։ Դրանք լիրայի արժևորմամբ չեն լուծում»։

 

Ermenihaber.am

Ձեզ կեհաքրքրի...