Եթե ԱՄՆ-ը չմեղմի իր դիրքորոշումը, մենք ունենք «պլան Բ». Իրանի ԱԳ նախարար
«Ոչ ոք չի ոտնահարում կարմիր գիծն ու երկրի քաղաքական անկախությունը»: Ինչպես հաղորդում է APA-ի թեհրանյան բյուրոն, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Նախարարը հայտարարել է, որ իրենք իրենց արտաքին քաղաքականությունը որևէ ձևով չեն կապել Արևելքի, Արևմուտքի, Ռուսաստանի, Չինաստանի, Անգլիայի, Ֆրանսիայի և Ամերիկայի հետ. «Մենք աշխարհի ցանկացած կետում արտաքին քաղաքականությունը կապել ենք Իրանի ազգային շահերի հետ և շարունակելու ենք դա անել»։
Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ասել է, որ այժմ իրենք գտնվում են համաձայնագրի ավարտվող փուլի սկզբում, բայց թե որքան կտևի այդ փուլը, կախված է ամերիկյան կողմից։
Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդուլլահիանը հայտարարել է Վիեննայում կայացած վերջին բանակցություններում առաջընթացի ձեռք բերման մասին և նշել, որ իրենք գրավոր ձևով դեռևս չեն ներկայացրել վերջնական որոշում հակառակ կողմին. «Մեր վերջնական համալիր լուծումը գրավոր ձևով կներկայացվի եվրոպական համակարգողին այսօր մինչև կեսգիշեր։ Եթե Ամերիկայի պատասխանը ճկուն լինի, ուրեմն մենք պամանավորվածությունների հասնելու փուլում ենք, հակառակ դեպքում ստիպված կլինենք ավելի շատ ժամանակ ծախսել բանակցությունների վրա։ Մենք ամերիկյան կողմի հետ փոխանակվում ենք հաղորդագրություններով երեք հարցի շուրջ: Մենք հստակ հասկացրել ենք, որ եթե ամերիկացիներն իրենց վերաբերմունքն արտահայտեն այս երեք հարցերի վերաբերյալ, ապա մենք պատրաստ ենք հայտարարել համաձայնության մասին և Վիեննայում անցկացնել ամփոփիչ հանդիպում։ Ամերիկյան կողմը պետք է ցուցաբերի ճկունություն, քանի որ մենք ակտիվություն ենք դրսևորել բոլոր հարցերում, որտեղ կարող ենք ճկունություն ցուցաբերել, և այժմ նրանց հերթն է»։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Վիեննայում վերջերս կայացած բանակցությունների ժամանակ ամերիկյան կողմը խոսքով դրսևորել է իր դիրքորոշման հարաբերական մեղմացում երկու հարցում. «Դա պետք է հաշվի առնել, պետք է ցուցաբերել անհրաժեշտ մեղմացում նաև երաշխիքների առումով, իսկ այն դեպքում, եթե ԱՄՆ-ը չմեղմի իր դիրքորոշումը, մենք ունենք «պլան Բ»»:
Civic.an