Սաջադին սոցիալական որևէ ցանցում օգտահաշիվ չունի. Իրանի արձագանքը՝ դեսպանի անունից արվող գրառումներին
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Հայաստանում Իրանի նախկին դեսպան, ներկայում Իրանի արտաքին գործերի նախարարի խորհրդական Սեյեդ Կազեմ Սաջադին սոցիալական որևէ ցանցում օգտահաշիվ չունի:
Իրանի ԱԳՆ-ն նման պարզաբանմամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ տարբեր, այդ թվում՝ հայկական լրատվամիջոցներում տարածվել են Սեյեդ Կազեմ Սաջադիի անունով «Թվիթեր»-ում գործող օգտահաշվին հղմամբ նյութեր:
Մասնավորապես, օգոստոսի 11-ին հայկական լրատվամիջոցներում տարածում է ստացել «Թվիթեր»-ում Սեյեդ Կազեմ Սաջադիի անունով օգտահաշվից մի գրառում, որում նշվում է, որ Թուրքիայի կողմից ահաբեկիչների տեղափոխումը Սիրիայից դեպի Ադրբեջան և նրանց ներկայությունը Իրանի սահմանների մոտ անընդունելի է: «Հունաստանից, Կիպրոսից, Հայաստանից, Սիրիայից և Իրաքից հետո Թուրքիան հիմա էլ չարամիտ գործողություններ է ծրագրում Իրանի սահմանների մոտ: Թուրքիան պետք է իմանա, որ կրակի հետ է խաղում», – ասված է գրառման մեջ:
Այս գրառումն ակտիվորեն տարածվել է հայկական լրատվամիջոցներում, նման բովանդակությամբ հոդված է հրապարակել նաև «Արմենպրես» լրատվական գործակալությունը, որն այս պահին հեռացվել է՝ հիմք ընդունելով իրանական IRNA գործակալության հրապարակումը, որում Իրանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Սեյեդ Կազեմ Սաջադին որևէ սոցիալական ցանցում, այդ թվում՝ «Թվիթեր»-ում օգտահաշիվ չունի: