ՌԴ Առաջին ալիքի նախկին խմբագիր Մարինա Օվսյաննիկովային սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում

Azatazrkum

ՌԴ Առաջին ալիքի նախկին խմբագիր Մարինա Օվսյաննիկովայի նկատմամբ հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի զինված ուժերի մասին «ֆեյքեր» տարածելու համար։ Օվսյաննիկովան հայտնի է դարձել մարտին Առաջին ալիքի ուղիղ եթերում հակապատերազմական ակցիայից հետո։

Մարինա Օվսյաննիկովային մեղադրանք է առաջադրվել ռուսական բանակի մասին «ֆեյքերի» վերաբերյալ հոդվածով, որով նախատեսվում է մինչև 10 տարվա ազատազրկում։ Այս մասին «OVD-info» իրավապաշտպան նախագծին (Ռուսաստանի Դաշնությունում ճանաչված է որպես «օտարերկրյա գործակալ») հայտնել է նրա փաստաբան Դմիտրի Զախվատովը։ 

Նրա խոսքով՝ Օվսյաննիկովան օգոստոսի 10-ից 11-ի գիշերը կանցկացնի Պետրովկա 38 հասցեում գտնվող ժամանակավոր պահման մեկուսարանում, նա հարցաքննվում է որպես մեղադրյալ։ Թե ինչ խափանման միջոց է քննությունը պատրաստվում խնդրել նրա նկատմամբ, դեռ չի հաղորդվում։ 

Այսօր առավոտյան խուզարկության են եկել Օվսյաննիկովայի տուն, որից հետո տարել են հարցաքննության։ «Առավոտյան ժամը 6:00-ին, երբ ես դեռ քնած էի, իմ տուն են ներխուժել Քննչական կոմիտեի և ոստիկանության տասը աշխատակիցներ: Նրանք ներկայացրել են խուզարկության օրդեր, վախեցրել փոքրիկ դստերս»,- ասել է Օվսյաննիկովան իր Telegram-ալիքում։

Քրեական գործի առիթը, ինչպես գրել է Օվսյաննիկովան, հուլիսի 15-ին իր հակապատերազմական պիկետն էր։ Այդ ժամանակ նա դուրս է եկել Կրեմլի մոտ պաստառով, որի վրա կային Ուկրաինայում զոհված երեխաների լուսանկարները և մակագրություն. «Դեռ ինչքա՞ն երեխաներ պետք է զոհվեն, որպեսզի դուք կանգ առնեք»:

 

Civic.am

Ձեզ կեհաքրքրի...