Տավուշում հիվանդանոց տեղափոխված կինը մահացել է. ըստ աղջկա` մայրը տարբեր տեսակի դեղահաբեր է խմել
Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել երեկ՝ հուլիսի 30-ին, «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ստացված ահազանգի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 20:50-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնից ոստիկանություն հայտնել են, որ «դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ մասի պետ Հասրաթյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածը Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 63-ամյա Լ.Ս.-ն է:
Տեղում վերջինիս աղջիկը հայտնել է, որ իր մայրն իրեն ասել է, որ այդ օրը՝ օրվա տարբեր ժամերին, պարբերաբար օգտագործել է տարբեր քանակության դեղահաբեր՝ «Ամիտրիպտիլին և Աֆոբազոլ» տեսակի դեղահաբեր, ինչից էլ մայրը թունավորվել է:
Գ. Շամշյանի տեղեկություններով, այսօր՝ նոյեմբերի 31-ին, «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հայտնել են, որ Լ.Մ.-ն թերապևտիկ բաժանմունքում՝ բուժաշխատակիցների ներկայությամբ, մահացել է: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: