Բացահայտվել է Արմավիրի մարզում տեղի ունեցած սպանության դեպքը. որդուն սպանելու կասկածանքով ձերբակալվել է հայրը

Vordun spanel e

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկված վարութային և քննչական անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է Գայ գյուղում 30-ամյա տղամարդու սպանության դեպքը:

Վերջինիս՝ դանակահարված վիճակում հիվանդանոց ընդունվելու և մահվան մասին հաղորդումը ստացվել է 2022թ. հուլիսի 24-ին՝ ժամը 18:30-ին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է  քրեական վարույթ:

ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժածի հայրը՝ ծնված 1957թ.: Վերջինս նույն օրը սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է վարույթ նախաձեռնող մարմնին:

Վարույթի շրջանակներում, ձերբակալվածի մասնակցությամբ, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում նա մատնացույց է արել վայրը, որտեղ խոհանոցային դանակով հարվածել է որդու պարանոցին, հայտնաբերվել են արնանման հետքեր, կատարվել նմուշառումներ, առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, ինչպես նաև՝ դեպքի պահին տուժողի և վերջինիս հոր հագին եղած հագուստները:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ձեզ կեհաքրքրի...