Դատաիրավական բարեփոխումների համատեքստում քննարկվել է ՔԿՀ նոր մոդելը

Nor bant

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և շահագրգիռ կառույցների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն դատաիրավական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ:

Նախքան օրակարգի քննարկումը, Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանին արդարադատության գեներալ-մայորի կոչումն ստանալու կապակցությամբ, որը վերջինիս շնորհվել էր ՀՀ վարչապետի՝ 2022 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ: Վարչապետն անձամբ է հանձնել ՔԿԾ պետին կոչումն ստանալու որոշումը և մաղթել արդյունավետ աշխատանք:

Հաջորդիվ, դատաիրավական բարեփոխումների համատեքստում քննարկվել է, մասնավորապես, քրեակատարողական նոր հիմնարկի կառուցման նախագիծը: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և փոխնախարար Արփինե Սարգսյանը մանրամասներ են ներկայացրել առաջարկվող մոդելի վերաբերյալ և նշել, որ այն մշակվել է միջազգային առաջադեմ փորձի և չափանիշների ուսումնասիրության հիման վրա՝ մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթությունից ելնելով: Անդրադարձ է եղել առաջարկվող կառուցվածքային լուծումներին, աշխատանքային, շենքային ու կենցաղային պայմաններին, նախագծի ֆինանսական գնահատականին:

Վերոնշյալ և հարակից այլ հարցերի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, քննարկվել են անելիքները:

Վարչապետը նշել է, որ բարեփոխման ռազմավարական հեռանկարը պետք է լինի դատաիրավական կլաստերի կառուցումը, որտեղ ինտեգրված կլինեն միմյանց փոխկապակցված ենթակառուցվածքները: Դա կնպաստի արդարադատության գործընթացի և համակարգերի փոխգործելիության արդյունավետության բարձրացմանը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է աշխատանքները շարունակել այս տրամաբանության շրջանակում:

Ձեզ կեհաքրքրի...