Ադամ Շիֆը հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու կոչով Ազգային անվտանգության հատկացումների ակտի լրացում է ներկայացրել
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ներկայացրել է լրացում 2023 թվականի բյուջետային տարում Ազգային անվտանգության հատկացումների ակտին, որով Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:
698-րդ լրացմանն իրենց աջակցությունն են հայտնել մեկ տասնյակ կոնգրեսականներ:
Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից հայտնել են, որ իրենք մեծ ջանքեր են գործադրում՝ հաջորդ շաբաթվա ընթացքում Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողովում քննարկման ժամանակ ավելացնելու 698-րդ լրացման աջակիցների թիվը:
Հանձնաժողովում Ազգային անվտանգության հատկացումների ակտի լրացումներն ընդունելու պարագայում դրանք քվեարկության կդրվեն արդեն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: