Թուրքիան համաձայնել է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին

NATOi andamakcutyun

  Նախօրեին Մադրիդում կայացած բանակցություններից հետո Թուրքիան համաձայնել է աջակցել Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին:  Մադրիդում այս օրերին ընթանում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը: 

Բանակցություններից հետո հայտարարությամբ հանդես է եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: 

«Ուրախ եմ տեղեկացնել, որ մենք համաձայնության հասանք: Այն  Ֆինլանդիայի և Շվեդիայի համար ճանապարհ է բացում դեպի ՆԱՏՕ։ Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան համատեղ հայտարարություն են ստորագրել, որը հաշվի է առնում Թուրքիայի շահերը ու մտահոգությունները՝ ներառյալ զենքի արտահանումը և ահաբեկչության դեմ պայքարը», – Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առաջին օրվա ավարտին հայտարարել է Ստոլտենբերգը։

Հայտարարությունը բաղկացած է 10 կետից: Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորև.

1.Ֆինլանդիան և Շվեդիան դատապարտում են բոլոր ահաբեկչական կազմակերպությունների կողմից Թուրքիայի դեմ իրականացված հարձակումները։

2.Ֆինլանդիան և Շվեդիան պարտավորվում են կանխել/խոչընդոտել Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և բոլոր այլ «ահաբեկչական կազմակերպությունների» ու վերջիններիս հետ կապ ունեցող անձանց գործունեությունը:

3.Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունը կանխելու նպատակով որոշում են կայացրել մեծացնել եռակողմ համագործակցությունը:

4. Շվեդիան ու Ֆինլանդիան, հաշվի առնելով Թուրքիայի տրամադրած տեղեկատվությունը, ապացույցները և հետախուզական տվյալները, արագացված կարգով քննության կառնեն ահաբեկչության մեջ կասկածվող անձանց արտաքսման կամ արտահանձնման  պահանջները։

5. Ֆինլանդիան և Շվեդիան հետաքննություններ կսկսեն և կարգելեն PKK-ի և նրա բոլոր «մասնաճյուղերի» դրամահավաքներն ու մարդկանց հավաքագրումը։

6 Թուրքիան վերահաստատում է  իր աջակցությունը ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը և իր աջակցությունն է հայտնում Մադրիդի գագաթնաժողովում Ֆինլանդիայի և Շվեդիային ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավերին։

7. Որպես ՆԱՏՕ-ի ապագա դաշնակիցներ, Ֆինլանդիան  ու Շվեդիան չեն  աջակցելու քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին» (YPG, PYD- ռազմական թև) և գյուլենական համայնքին, որոնք նույնպես Թուրքիայում ահաբեկչական են համարվում: 

8. Շվեդիան հաստատում է, որ հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի ահաբեկչական հանցագործությունների մասին նոր և ավելի արդյունավետ օրենքը, իսկ  կառավարությունը  ահաբեկչության դեմ պայքարի կանոնադրությունը կհամալրի:

9. Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան հաստատում են, որ իրենց միջև այլևս չկա սեփական արտադրության զենքի մատակարարման էմբարգո։

10. Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան պարտավորվում են պայքարել ապատեղեկատվության դեմ և կանխել այդ երկրների ներքին օրենսդրության չարաշահումն ահաբեկչական կազմակերպությունների օգտին կամ առաջխաղացման, ինչպես նաև Թուրքիայի դեմ բռնությունը խրախուսող գործունեության նպատակով:

 

Ermenihaber.am

 

Ձեզ կեհաքրքրի...