«Մինսկի խումբը 28 տարվա ընթացքում ոչ մի արդյունքի չի հասել․ եկել է նրանց թոշակի գնալու ժամանակը»․ Ալիև
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որպես միջնորդ հանդես եկող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը շարունակելու կարիք այլևս չկա։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է նման հայտարարությամբ հանդես եկել։
«ԵԱՀԿ-ից միջնորդի մանդատ ստացած Մինսկի խումբը 28 տարվա ընթացքում ոչ մի արդյունքի չի հասել։ Այդ պատճառով այն բանից հետո, երբ Ադրբեջանը «լուծեց» ղարաբաղյան հակամարտությունը, Մինսկի խմբի կարիքն այլևս չկա», – ասել է Ալիևը՝ Բաքվում անցկացվող «Համաշխարհային աշխարհակարգի սպառնալիքները» միջազգային ֆորումի ժամանակ։
Ադրբեջանի բռնապետի խոսքով՝ հատկապես Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պայմաններում «բոլորն են գիտակցում Մինսկի խմբի երեք համանախագահների հանդիպման անհնարինությունը»։
«Մենք արդեն ստացել ենք ուղերձներ, որ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը չի գործելու։ Եկել է նրանց թոշակի գնալու ժամանակը», – հայտարարել է Ալիևը։