Դավութօղլուն կոշտ է արձագանքել Էրդողանի՝ «Ինձ համար Միցոտակիս անունով մեկը չկա» արտահայտությանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 23-ին տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում քննադատել էր Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին: Վերջինս ԱՄՆ-ին հորդորել էր F-16 կործանիչներ չտրամադրել Թուրքիային:
Այս կոչին ի պատասխան՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ այսուհետև ինքը չի ճանաչում Միցոտակիս անունով մեկին:
Հունական կողմը, ի պատասխան Էրդողանի վերոհիշյալ հայտարարությանը, նշել էր, որ Միցոտակիսը պաշտպանում է Հունաստանի իրավունքներն ու շահերը և իրենք մտադիր չեն Թուրքիայի նախագահի հետ բանավեճի մեջ մտնել, որովհետև իրենց քաղաքականությունը սկզբունքների քաղաքականություն է:
Թուրքիային նախկին վարչապետ, Էրդողանի նախկին կուսակից, այժմ ընդդիմադիր Ահմեթ Դավութօղլուն Էրդողանին մեղադրել է Հունաստանի վարչապետի հայտարարությանն ուշ արձագանքելու մեջ՝ նշելով. «5 օր հետո նոր խելքներդ գլուխներդ եկա՞վ»:
Դավութօղլուն քննադատել է նաև այն բանի համար, որ մինչ այժմ Թուրքիայում Հունաստանի դեսպանը չի կանչվել արտաքին գործերի նախարարություն:
Նա մասնավորապես ընդգծել է, որ Թուրքիայի Հանրապետության պետական շահերը պետք է պաշտպանվեն ոչ թե անձնական էգոյով, այլ սառնասիրտ քայլերով ու արձագանքներով։
«Եթե դու քայլեիր «պատվավոր ու անհատականություն հանդիսացող քաղաքական գործիչների» հետ, չէիր շփվի քեզ ու մեր երկրին վիրավորող Թրամփի հետ: Դու այդքան չէիր ստորանա, որ հանդիպեիր Բայդենի հետ, ով մեղադրում էր մեր ազգին ցեղասպանություն գործելու մեջ: Դու չէիր սպասի Պուտինի դռան մոտ, ով սպանեց մեր տասնյակ զինվորների»,- ասել է Դավութօղլուն: