ՀՅԴ-ի հաջորդական արկածախնդրական քայլերը որևէ կերպ չեն առնչվում իրանահայ համայնքին և դատապարտվում են մեծամասնության կողմից. «Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան

Iran

  Իրանից ավտոբուսներով մոլեռանդ կամ անտեղյակ խմբեր Հայաստան փոխադրելու ՀՅԴ-ի անպատասխանատու և արկածախնդրական քայլից հետո, այժմ տարածվող լուրերի համաձայն ՀՅԴ-ը պատրաստվում է իրանահայ եկեղեցական ու համայնքային
մարմինների և ինչ-որ միությունների անունով հանդես գալ հայտարարությամբ, որով ՀՀ իշխանություններին և իրավապահ ուժերին մեղադրելու է արդեն շուրջ մեկ ամիս շարունակվող փողոցային պայքարի մասնակիցների դեմ իբր թե բռնաճնշումներ գործադրելու մեջ:

Այս երևույթը մտահոգիչ է երկու առումով: Առաջինն այն, որ այս քայլով միտում են Սփյուռքը, այս դեպքում իրանահայ համայնքը, ներքաշել Հայաստանի ներքաղաքական այնպիսի զգայուն հարցերում, որի իրավունքը միմիայն պատկանում է Հայաստանում ապրող եւ  արարող ՀՀ քաղաքացուն եւ երկրորդ՝ մտահոգություն է առաջանում, որ ՀՅԴ-ն և փողոցի պայքարի իր գործընկերները նպատակադրել են Հայաստանում հարցերը տանել հավելյալ լարվածությունների ու առճակատումների, և նման հայտարարությունները կարող են հող պատրաստել այդ նպատակի համար:

Վերահաստատենք, որ իրանահայությունը դեռ հին անցյալից, և հատկապես 1988 երկրաշարժի օրերից սկսած մինչև Հայաստանի անկախությունը, Արցախի ազատամարտի, 2018թ. համաժողովրդական շարժման և 44-օրյա պատերազմի
ժամանակ եղել է պետականամետ և աջակցել հայրենիքի զարգացմանը, կայունացմանը, հզորացմանը, ծաղկմանն ու նաև ՀՀ-Իրան հարաբերությունների ամրապնդմանը: Հետևաբար ՀՅԴ-ի հաջորդական արկածախնդրական քայլերը որևէ կերպ չեն առնչվում իրանահայ համայնքին և, որ նման քայլերը առաջինը դատապարտվում են հենց իրանահայերի մեծամասնության կողմից:

Հայաստանը ապրում է զգայուն ժամանակաշրջան, և իրանահայությունը խորապես գիտակցելով այս փաստը, կանգնած է Հայաստանի և հայրենի ժողովրդի կողքին և որևէ մեկ կողմ կամ կուսակցություն չի կարող խաթարել այդ ազգային միասնությունը:

 

civic.am

Ձեզ կեհաքրքրի...