Տեխնիկական հարցերը լուծում կստանան մոտ ապագայում. Գալյանը՝ ԱՄՆ-ում Գագիկ Խաչատրյանի գույքը ՀՀ-ին վերադարձնելու մասին
Հայաստանի ֆինանսների նախկին նախարար, Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով քննարկումները ԱՄՆ-ի գործընկերների հետ սկսվել են ավելի վաղ, քան ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կազմավորումն էր։
Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը, պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին, թե Գագիկ Խաչատրյանի գործով արդյոք Հայաստանի Հանրապետության դատախազությո՞ւնն է դիմել ԱՄՆ-ի պատկան մարմիններին և եթե ապացուցվի, որ ապօրինի գույքի ձեռք բերման աղբյուր է հանդիսացել, այդ գումարը ի՞նչ մեխանիզմներով է վերադարձվելու Հայաստան։
«2019 թվականներից դեռևս քրեական գործի շրջանակում համապատասխան հարցումներ են ուղարկվել բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ նաև ԱՄՆ։ Եվ ԱՄՆ-ի գործընկերները պատրաստակամություն են հայտնել օգնելու Հայաստանի Հանրապետությանը այս հարցում»,- հավելեց Գալյանը։
Ինչ վերաբերվում է գույքի վերադարձմանը՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը կարծում է, որ դեռ այդ մասին վաղ է խոսել, որովհետև ԱՄՆ-ում ևս որոշակի գործընթացներ պետք է իրականացվեն;
«Իսկ վերադարձի հետ կապված քննարկումներ այսօր տեղի են ունենում և կշարունակվեն, տեխնիկական հարցեր են։ Կարծում եմ՝ լուծում կստանան ապագայում։ Ուզում եմ հավաստել, որ դատախազությունը, իհարկե, ունի ներգրավվածություն այդ գործում։ Եվ ԱՄՆ-ի կողմից վարույթի նախաձեռնման հիմքում ընկած է հենց դատախազության գործողությունների ամբողջությունը»,- եզրափակեց Գալյանը։
Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության դեպարտամենտը սկսել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող, Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը բռնագանձելու գործընթաց:
Բռնագանձման հայցի համաձայն՝ առանձնատունը ձեռք է բերվել գումարով, որը հայ գործարարներից մեկը որպես կաշառք տվել է նախկինում ՀՀ-ում բարձր պաշտոն զբաղեցրած Գագիկ Խաչատրյանի ընտանիքին:
Հայցում, որը ներկայացվել է Կալիֆորնիայի շրջանային դատարան, ԱՄՆ-ը պնդում է, որ գործարար Սեդրակ Առուստամյանը Գագիկ Խաչատրյանին և նրա ընտանիքին 20 միլիոն դոլար կաշառք է տվել՝ իր բիզնեսի նկատմամբ բարեհաճ վերաբերմունք դրսևորելու համար: Նշվում է, որ այդ գումարն օգտագործվել է Լոս Անջելեսի Հոլմբի Հիլս թաղամասում առանձնատուն գնելու համար: Նշվում է նաև, որ այդ առանձնատունը վերջերս վաճառքի էր հանվել 63 միլիոն 500 հազար դոլարով:
ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանում Գագիկ Խաչատրյանին և նրա որդիներին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու հոդվածով, իսկ Սեդրակ Առուստամյանի նկատմամբ՝ կաշառք տալու հոդվածով:
Հաղորդագրության համաձայն՝ գործարքը հետաքննվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի Եվրասիական կազմակերպված հանցավորության դեմ պայքարի խմբի և ԱՄՆ Մարշալների ծառայության կողմից: ՀՀ գլխավոր դատախազությունը և Ազգային անվտանգության ծառայությունը ցուցաբերել են առանցքային օգնություն։