ԿԲ-ն 2022-ի համար կանխատեսում է 6.5% գնաճ և 1.5% տնտեսական աճ՝ պայմանավորված արտաքին միջավայրով. ԿԲ փոխնախագահ
Այսօր՝ մայիսի 16-ին, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Հիմնական զեկուցողն է ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը:
«2021 թվականի դեկտեմբերի դրությամբ գնաճը կազմել է 7.4 տոկոս, միջին գնաճը՝ 7.2 տոկոս: Տարբեր արտաքին գործոնների պատճառով գնաճային ռիսկերը զսպելու նպատակով տարվա ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 4.25-7.75 տոկոսով: 2021 թվականի համար ԿԲ-ն կանխատեսում էր 1.5 տոկոս տնտեսական աճ, իսկ գնաճի համար՝ 6.2 տոկոս: Միաժամանակ փոփոխվել են թե տնտեսական աճի կանխատեսումները, թե արտաքին հատվածից եկող գնաճային ճնշումներն են ավելացել: Արդյունքում մենք ունեցանք 5.7 տոկոս տնտեսական աճ և 7.4 տոկոս գնաճ»,- նշեց ԿԲ փոխնախագահը:
Նրա խոսքով՝ դրամավարկային քաղաքականությունը եղել է չեզոք կամ մի փոքր խթանող:
Ինչ վերաբերում է 2022 թվականի գնաճի կանխատեսումներին, նա ասաց, որ ԿԲ-ն 2022-ի համար կանխատեսում է 6.5 տոկոս գնաճ և 1.5 տոկոս տնտեսական աճ, ինչը պայմանավորված է արտաքին միջավայրով: