Այսօր ցանկանում եմ անդրադառնալ շուրջ 40 հազար տեղահանված մեր հայրենակիցներին հուզող ամենացավոտ խնդիրներից մեկին. Արայիկ Հարությունյան

Bnakvardz

Հարգելի ՛ հայրենակիցներ
Այսօր ցանկանում եմ անդրադառնալ շուրջ 40 հազար տեղահանված մեր հայրենակիցներին հուզող ամենացավոտ խնդիրներից մեկին՝ բնակվարձերի փոխհատուցման նպատակով իրականացվող պետական քաղաքականությանը:
Պատերազմից անմիջապես հետո, ինչպես գիտեք, ԱՀ և ՀՀ Կառավարությունների համատեղ ջանքերով այս ուղղությամբ իրականացվել և այսօր էլ շարունակվում են մի շարք ծրագրեր, որոնք մեծապես օգնում են դժվարին կացության մեջ հայտնված մեր քաղաքացիներին՝ մինչև բնակարաններով ապահովելը դիմագրավել առկա խնդիրներին: Սակայն այս ընթացքում բազմաթիվ հանդիպումների ժամանակ մեր հայրենակիցների կողմից չեն դադարել խնդրո առարկայի շուրջ մտահոգությունների արտահայտման դեպքերը, ինչը փաստում էր, որ, այնուամենայնիվ, օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված՝ անհրաժեշտ է արմատական կերպով վերանայել վարվող քաղաքականությունը:
Թեմայի շուրջ վերջին օրերին անց եմ կացրել շահագրգիռ քննարկումներ, այդ թվում՝ հարցը ներառել էի երեկ՝ մայիսի 12-ին, անցկացված Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում: Լսելով բոլոր կողմերի կարծիքները և հաշվի առնելով նաև մեր պետության հնարավորությունները՝ հանձնարարել եմ պատկան մարմիններին այս տարվա հուլիսի 1-ից փոխել փոխհատուցման տրամադրման մեխանիզմն ու չափերը: Մասնավորապես, նոր ծրագիր կմշակվի շահառու հանդիսացող (բնակարանային կարիք ունեցող) յուրաքանչյուր տեղահանված անձի ամսական 40,000 ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ՝ մինչև նրանց բնակարանային կարիքի բավարարումը, որը կարող է օգտագործվել թե՛ բնակվարձի, թե՛ սոցիալական այլ նպատակներով:
Հավաստիացնում եմ նաև, որ այս ընթացքում ամբողջ ծավալով շարունակվում են տեղահանված մեր հայրենակիցների համար բնակարանների կառուցման աշխատանքները: Համոզված եմ՝ նախանշված ժամկետներում (մինչև 2024թ.-ի վերջ) կավարտենք մեզ համար կենսական նշանակության այդ ծրագիրը և օր առաջ մեր հայրենակիցները կկարողանան արժանապատիվ պայմաններում շարունակել իրենց կենսագործունեությունը:

Ձեզ կեհաքրքրի...