Որպեսզի Հայաստանը խուսափի «պարտադրված խաղաղությունից», գործընթացի մեջ պետք է ներգրավել ԱՄՆ-ին ու Եվրոպային․ The Washington Post
Ուկրաինայում պատերազմի ֆոնին գնալով փոքրանում է առաջընթացի հնարավորությունը Հայաստանի և նրա հարևանների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար, գրում է The Washington Post-ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը:
Հայկական արմատներով լրագրողի կարծիքով` ուկրաինական ճգնաժամի պատճառով Հարավային Կովկասի խնդիրները կարող են երկրորդական դառնալ տարածաշրջանով հետաքրքրված երկրների համար, այն դեպքում, երբ այս հարցը հնարավոր է շփման կետ լինի ԱՄՆ-ի և Ռուսաստանի համար:
Հոդվածի հեղինակը նկատում է՝ և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը փորձում են իրենց հովանու ներքո պահել այս գործընթացները:
Իգնատիուսի կարծիքով` որպեսզի Հայաստանը խուսափի այսպես կոչված «պարտադրված խաղաղությունից», գործընթացի մեջ պետք է ներգրավել ԱՄՆ-ին ու Եվրոպային, ինչպես նաև վերակենդանացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը, որը բոյկոտվում է Մոսկվայի կողմից:
«Զուգահեռաբար միջնորդի դերում նկատելի է Եվրամիության ակտիվությունը, որի ջանքերով անցած ամիս Բրյուսելում կայացավ Փաշինյան-Ալիև հանդիպում»,-գրում է The Washington Post-ը:
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների՝ մայիսի 13-ին Դուշանբեում սպասվող հանդիպմանն ընդառաջ՝ հեղինակը գրում է, թե Ռուսաստանը կրկին կփորձի իր ազդեցությունը տարածել բանակցային գործընթացի վրա:
Ըստ Իգնատիուսի, Տաջիկստանի մայրաքաղաքում եռակողմ ձևաչափով Երևանի, Բաքվի ու Մոսկվայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն խաղաղության պայմանագիրը:
The Washington Post-ի սյունակագիրը տարածաշրջանում խաղաղությանը միտված գործընթացների մասին զրուցել է վերջերս Միացյալ Նահանգներ այցելած Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ:
«Մենք պետք է նայենք ոչ միայն անցյալին, այլև դեպի ապագա: Եթե Հայաստանը շարունակի անզիջում խաղալ հարևանների հետ, մեր տարածաշրջանը կհայտնվի փակուղում»,- Իգնատիուսին ասել է Միրզոյանը:
Տարածաշրջանային գործընթացների մասին ամերիկյան հանդեսի հետ խոսել է նաև նախկինում Վաշինգտոնում, այժմ Լոնդոնում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը՝ տալով չափավոր լավատեսական գնահատական:
«Ադրբեջանը քանիցս հայտարարել է, որ շուտափույթ կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման հույս ունի»,- Սուլեյմանովի կարծիքն է մեջբերում հոդվածագիրը: