ԵՄ-ն ամռանը կդադարեցնի ռուսական ածուխի ներկրումը, իսկ մինչև տարեվերջ կհրաժարվի ռուսական նավթից. Շոլց
ԵՄ-ն ամռանը կդադարեցնի ռուսական ածուխի ներկրումը, իսկ մինչև տարեվերջ կհրաժարվի ռուսական նավթից։
Այս մասին «The Indian Express»-ին հրապարակված հարցազրույցում ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Եվրամիությունը, իր տրանսատլանտյան գործընկերների հետ, աննախադեպ պատժամիջոցներ է ընդունել Ռուսաստանի և դրա քաղաքացիների դեմ: Շատ երկրներ միացել են այդ պատժամիջոցներին, թեև դրանք անխուսափելիորեն տնտեսական ծախսեր են ներկայացնում մեզ համար», – ասել է Շոլցը:
«Ավելին, մենք հիմա շատ հավակնոտ քաղաքականություն ենք իրականացնում՝ նվազեցնելու կախվածությունը հանածո վառելիքի ներկրումից Ռուսաստանից։ Այս ամառ կդադարեցնենք ռուսական ածխի մատակարարումները, մինչև տարեվերջ կհրաժարվենք ռուսական նավթից և լրջորեն կնվազեցնենք գազի մատակարարումները Ռուսաստանից»,- շեշտել է կանցլերը։
Ապրիլի սկզբին Եվրամիության երկրները հավանություն են տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթին, որը, մասնավորապես, նախատեսում է սահմանափակումներ ֆիզիկական անձանց և ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ, ինչպես նաև արգելք է սահմանում Ռուսաստանի Դաշնությունից ածխի ներկրման և բարձր տեխնոլոգիական ապրանքների մատակարարման համար: