Ավարտվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունը

Himnadram

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աշխատակիցների կողմից շինարարական կազմակերպության սեփականատերերից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպք:
Մասնավորապես, ՀՀ կառավարության 2018թ. որոշմամբ ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030թթ. ծրագրում ներառվել էր նաև ՀՀ Արարատի մարզի Հովտաշատ գյուղի միջնակարգ դպրոցի շենքի կառուցումը։ Ըստ այդմ` ստեղծվել էր հիշյալ ծրագրի շրջանակներում աշխատանքների և ապրանքների ձեռքբերման նպատակով կազմակերպվող գնման գործընթացի միջգերատեսչական գնահատող հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են եղել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրերի իրականացման բաժնի պետ Հ. Խ.-ն` որպես հանձնաժողովի նախագահ և նույն բաժնի վերահսկման խմբի ղեկավար Ա. Զ.-ն՝ որպես հանձնաժողովի անդամ:
2021 թվականի մայիսի 24-ին Հիմնադրամի կողմից վերը նշված դպրոցի կառուցման աշխատանքների իրականացման նպատակով հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Տ. Ն.-ին և Ե. Գ.-ին պատկանող շինարարական ընկերությունը: Դրանից հետո Հիմնադրամի պաշտոնատար անձինք` Հ. Խ.-ն և Ա. Զ.-ն, նախնական համաձայնություն են ձեռք բերել` կնքվելիք պայմանագրի շուրջ 1,9 մլրդ ՀՀ դրամ արժեքի 2 տոկոսի չափով հիշյալ ընկերության համասեփականատերերից կաշառք պահանջելու վերաբերյալ:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Զ.-ն Հ. Խ.-ի հանձնարարությամբ հանդիպել է կազմակերպության համասեփականատեր Տ. Ն.-ին և նրա հետ սակարկությունների արդյունքում վերջինից պահանջել պայմանագրի արժեքի 1.5 տոկոսի չափով` ավելի քան 28 մլն ՀՀ դրամ կաշառք` դպրոցի շինարարության պայմանագիր կնքելուն չխոչընդոտելու, կառուցման աշխատանքների ընթացքում կապալառու ընկերության օգտին իրենց լիազորությունների շրջանակներում հովանավորչության, այդ թվում՝ կատարած աշխատանքների թերությունները չարձանագրելու, շինարարական աշխատանքների ընթացիկ ավարտական ակտերն անխոչընդոտ ընդունելու և այդ կերպ՝ ընկերությանը հավելյալ ֆինանսական ծախսերից զերծ պահելու համար:
Պայմանագրի կնքումից հետո` 2021թ.-ի սեպտեմբերին, Տ. Ն.-ն կապալառու կազմակերպության մյուս համասեփականատիրոջ` Ե. Գ.-ի իմացությամբ այցելել է Հ. Խ.-ի մատնանշած` վերջինիս համար անվտանգ հանդիպման վայր՝ Երևան քաղաքում գործող ռեստորանային համալիր, որտեղ Հ. Խ.-ին է տվել նրա պահանջած կաշառքի գումարից 2.404.100 ՀՀ դրամին համարժեք 5.000 ԱՄՆ դոլարը:
2021թ.-ի նոյեմբերի 12-ին կաշառքի հերթական մասնաբաժինը՝ 1.900.760 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլարը ստանալուց հետո, Հ. Խ.-ն և կաշառք տված Տ. Ն.-ն բերման են ենթարկվել, իսկ անձնական խուզարկության արդյունքում Հ. Խ.-ի մոտ հայտնաբերվել է կաշառքի հիշյալ գումարը։
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Զ.-ին և Հ. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ա. Զ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը հետագայում փոխարինվել է գրավով:
Կապալառու կազմակերպության համասեփականատերեր Տ. Ն.-ին և Ե. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
ℹ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ձեզ կեհաքրքրի...