Արտաքին քաղաքականության նոր օրակարգ hhpress
Պակիստանում ապրիլի 3-ին սկսված քաղաքական ճգնաժամը հանգուցալուծվեց մեկ շաբաթ անց, երբ խորհրդարանի ստորին պալատի կողմից երկրի 23-րդ վարչապետ ընտրվեց Պակիստանի մահմեդական լիգա («Նավազ» խմբակցություն) առաջնորդ Շահբազ Շարիֆը։ Նոր վարչապետը կարող է իշխանության ղեկին մնալ մինչեւ 2023 թ. հոկտեմբերը, երբ երկրում կանցկացվեն հերթական խորհրդարանական ընտրությունները։ Ճգնաժամը ծագել էր, երբ ընդդիմությունը փորձել էր անվստահություն հայտնել արդեն նախկին վարչապետ Իմրան Խանին, ով ներկայացնում էր կենտրոնամետ «Արդարության շարժում» կուսակցությունը, իշխանության էր եկել 2018-ին։ Վարչապետի խորհրդով Պակիստանի նախագահ Արիֆ Ալվին ապրիլի 3-ին ցրել էր Ազգային ժողովն այն բանից հետո, երբ փոխխոսնակ Քասիմ Սուրին հայտարարել էր, որ նման քվեարկություն անցկացնելը հակասում է երկրի սահմանադրությանը։ Սակայն ապրիլի 7-ին Պակիստանի գերագույն դատարանը հակասահմանադրական ճանաչեց Ազգային ժողովը ցրելու եւ Խանի նկատմամբ անվստահություն հայտնելու որոշումը չեղարկելու դատական ակտը։ Դատարանը պահանջել էր վերականգնել խորհրդարանի ստորին պալատի աշխատանքը եւ հիշյալ քվեարկությունն անցկացնել ապրիլի 9-ին։ Արդյունքում Խանը կորցրեց իր պաշտոնը, եւ պալատը երկուշաբթի օրը նշանակեց կառավարության նոր ղեկավարի ընտրություն: Խանը Պակիստանի պատմության մեջ առաջին վարչապետն է, ով իշխանությունից հեռացվել է խորհրդարանի անվստահության քվեով: Պակիստանն իսլամական աշխարհում մեծ հեղինակություն վայելող միջուկային պետություն է, որն ունի ազդեցիկ դիրք նաեւ տարածաշրջանում։ Հետեւաբար, այդտեղ տեղի ունեցող քաղաքական զարգացումները միայն տեղական նշանակության չեն։ Վերջին շրջանում, հատկապես Ջո Բայդենի վարչակարգի օրոք, բավական լարված էին Պակիստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ասել էր, որ Միացյալ Նահանգները գնահատում է Պակիստանի հետ երկարամյա գործընկերությունը, որը չափազանց կարեւոր է իր շահերի համար։ «Մենք գնահատում ենք Պակիստանի հետ մեր երկարամյա գործընկերությունը եւ միշտ համարել ենք, որ բարեկեցիկ եւ ժողովրդավարական Պակիստանը վճռորոշ դեր ունի ԱՄՆ շահերի համար»,- այդ մասին երկուշաբթի օրը կայացած հերթական ճեպազրույցում հայտարարել է Փսակին՝ հավելելով, որ Վաշինգտոնը եւ Իսլամաբադը «երկար եւ ամուր հարաբերություններ ունեն», որոնք «կշարունակվեն նոր առաջնորդների օրոք»։ Ի դեպ, Իմրան Խանը հաճախ էր մեղադրում ԱՄՆ-ին Պակիստանի ներքին գործերին միջամտելու եւ ճնշում գործադրելու մեջ: Նա նաեւ հայտարարում էր, թե ընդդիմադիր կուսակցությունները համագործակցում են այլ պետությունների հետ՝ իրեն իշխանությունից հեռացնելու համար։ Ինչպես գրում է «BBC»-ն, Խանը, մասնավորապես, պնդում էր, որ ԱՄՆ իշխանությունները փորձում են ազատվել իրենից, քանի որ նրանց դուր չի եկել իր բարեկամությունը Ռուսաստանի եւ Չինաստանի հետ։ Ամերիկյան իշխանությունները նման մեղադրանքներն անվանել էին չհիմնավորված հերյուրանքներ։
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում. hhpress.am