Թուրք վերլուծաբան. «Էրդողանը կհեռանա, բայց անախորժությունները չեն ավարտվի»

Anaxorjutyun

Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցի վերլուծաբան Էրգուն Բաբահանը իր «Էրդողանը կհեռանա, բայց անախորժությունները չեն ավարտվի» հոդվածում անդրադարձել է ներկայիս Թուրքիայի քաղաքական ու տնտեսական անհեռանկարությանը։ 

Հոդվածում նշվում է, որ Թուրքիան չի կարող լինել տնտեսական այն մոդելի մասը, որն ընդգրկում է Արևմտյան Եվրոպան, Կենտրոնական Եվրոպայի մի մասը և, ի վերջո, Արևելյան Ասիայի առաջին կղզիների շղթան:

Ըստ Բաբահանի՝ հիշյալ մոդելը հիմնված է ազատ և արդար ընտրությունների և դինամիկ շուկայական տնտեսության վրա։ Դրանք են արևմտյան լինելու առավելությունները և ինչպես նշում է ամերիկացի պատմաբան Ստիվեվ Կոտկինը. «առավելություններ, որոնք երբեք չպետք է թերագնահատել»: 

Եվ ուրեմն ի՞նչն է խնդիրը, արդյո՞ք աշխարհագրությունը ճակատագիր է:

«Դա աշխարհագրություն չէ, աշխարհաքաղաքականություն է,- իր իսկ հարցադրմանը պատասխանում է հոդվածի հեղինակը։ — Թեև Թուրքիան վերջին 200 տարին ծախսել է Արևմուտքին ինտեգրվելու համար, թեև 70 տարի է, ինչ ՆԱՏՕ-ում է, և ի վերջո վերսկսել է տապալված բանակցային գործընթացը Եվրամիության հետ, միևնույն է, արդյունքում նա դեռևս սև կայսրության ժառանգորդ է»։

Հոդվածի հեղինակի համոզմամբ՝ այսօր Թուրքիաում գրեթե բոլորը հավատում են, որ Էրդողանի անձի վրա հիմնված AKP-MHP վարչակարգի փլուզումը ճանապարհ կհարթի Թուրքիայի համար: Իհարկե ճնշող ռեժիմի ավարտը թեթևացում կբերի, հանգստություն կտա, բայց հիմնական խնդիրը ըստ էության չի լուծվի:

«Թուրքիայի խնդիրը մոնիզմի մեջ է, այն է, որ նա իր պատմության ընթացքում երբեք չի կարողացել ապահովել կյանքի և ունեցվածքի անվտանգությունը, և նա ունի խանդ ու զայրույթ Արևմուտքի հանդեպ… Արևմուտքը կարևոր է միայն ռազմապես և տեխնոլոգիապես ուժեղ լինելու առումով, այն ամբողջական չէ իր ներկայացրած արժեքներով: Այդ իսկ պատճառով քրդական խնդրի վերաբերյալ Արևմուտքի հիշատակումները դիտվում են ոչ թե որպես մարդու իրավունքների խնդիր, այլ որպես Թուրքիան մասնատելու իմպերիալիստական ծրագիր»,- գրում է թուրք վերլուծաբանը։

Մոնիզմը փիլիսոփայական համակարգ է, ըստ որի ֆիզիկական և հոգեկան բոլոր երևույթների, մատերիայի (նյութի), և ոգու բոլոր երևույթները ծագում են մեկ սկզբունքից։ Կարող է լինել՝ իդեալիստական մոնիզմ և մատերիալիստական մոնիզմ։ Հակադրվում է դուալիզմին։

Հոդվածում նաև նշվում է, որ ներկայիս Թուրքիան չի ներառում այնպիսի մի համակարգ, որը երկրում կապահովի արևմտյան տիպի ժողովրդավարություն, իրավական համակարգ, խոսքի ազատություն, կյանքի և ունեցվածքի անվտանգություն:

«Թուրքիան չի կարողանա դուրս գալ այս արատավոր շրջանից առանց ժողովրդավարության խնդիրները լուծելու, իրավական պետություն կառուցելու և քրդերին  հավասար քաղաքացիներ ճանաչելու:

Մենդերես-Դեմիրել-Չիլլեր-Էրդողան հաջորդականությամբ մեր հիշողության մեջ դաջված կոռուպցիան, անօրինականությունը և ուժեղ տղամարդու մոդելը դեռ շարունակելու են վերարտադրվել: Խնդիրը ոչ միայն ղեկավարության մեջ է, այլև այն վերարտադրող կառույցի…»,- եզրակացնում է Բաբահանը։

 

ermenihaber.am

Ձեզ կեհաքրքրի...