«Շտապօգնություն» ընկերության զանգերի կենտրոնում սկսել է գործել հետադարձ հեռախոսազանգի համակարգը

Het zang

 «Շտապօգնություն» ընկերության զանգերի կենտրոնում սկսել է գործել հետադարձ հեռախոսազանգի համակարգը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ ներդրված և արդեն իսկ գործող համակարգի շնորհիվ  1-03 հեռախոսահամարի մուտքային բոլոր զանգերը կգրանցվեն և կապահովվի հետադարձ կապ:

«Այսօր մեր կանչերի թիվը բավական պակասել է, բայց շատ կանչերի դեպքում բավականին  բողոքներ կային,  որ շտապօգնությունում հեռախոսազանգերին չեն պատասխանում: Համակարգը ներդրվել է նրա համար, որ զանգերն անպատասխան չմնան»,-ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ նոր համակարգի շնորհիվ կբարելավվի շտապօգնության աշխատանքը:

Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ «Շտապօգնության» ծառայությունը օրական միջինում 650 կանչ է սպասարկում: «Եթե համեմատենք 1.5-2 ամիս առաջ ընկած ժամանակահատվածի հետ, երբ կանչերի թիվը հասնում էր օրական 1000-ի, ապա կտեսնենք, որ դրանք նվազել են»,-ասաց նա՝ հավելելով, որ շաբաթվա կտրվածքով գրանցվում է նաև մոտ 300 մանկական կանչ:

«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը նշեց, որ կանչերը հիմնականում կապված են սիրտ-անոթային, սուր-շնչառական հիվանդությունների հետ: Գրանցվում են նաև ճանապարհատրանսպորտային պատահարներով պայմանավորված կանչեր:

Ձեզ կեհաքրքրի...