Գյումրիում շենքերի վրա թմրանյութերի վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների հասցեների գրություններ են հայտնվել. դատախազությունը նյութեր է նախապատրաստում

Telegramov

Գյումրիում շենքերի վրա «Տելեգրամ» ալիքների հասցեների գրությունների հայտնվելու փաստով Շիրակի մարզի դատախազությունը նյութեր է նախապատրաստում:

«Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է, որ  վերջին շրջանում կասկածելի տելեգրամյան ալիքների հղումներով գրություններ են հայտնվում Գյումրիի տարբեր շինությունների վրա. իրավապահ մարմիններն ունեն հաստատված տվյալներ, որ դրանք թմրանյութերի օնլայն վաճառք իրականացնող տելեգրամյան ալիքների հասցեներ են։ Խնդրով սկսել է զբաղվել Շիրակի մարզի դատախազությունը։

«Կատարվել  են դեպքի վայրերի զննություններ: Ձեռնարկվում են օպերատիվ- հետախուզական միջոցառումներ՝ գրող անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու, ինչպես նաև ենթադրաբար այդ կայքերի իսկությունը, հասանելիությունը պարզելու ուղղությամբ»,- նշեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ նման գրառումների մասին ահազանգ այս պահին միայն Գյումրիից են ստացել:

Պատասխանատուն նաև հայտնեց, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ արդյունքներ արդեն ունեն. հայտնաբերվել են անձինք, ովքեր այդ ալիքներով ձեռք են բերել թմրամիջոցներ, կան մեղադրյալներ, դատարան ուղարկված գործեր: Այս պահին այդ գործերով անցնող անչափահասներ, բարեբախտաբար, չկան:

Արմենուհի Մխոյան

Ձեզ կեհաքրքրի...