Պայքար՝ խաղամոլության դեմ. ինչ նոր գործիքներ է նախատեսում կիրառել պետությունը
Հայաստանում միայն նախորդ տարի կատարված խաղադրույքների թիվը գերազանցել է 3 տրիլիոն դրամը, ըստ որոշ գնահատականների՝ խաղացողների թիվը ևս էականորեն ավելացել է՝ 2018-ից 2020 թվականի ընթացքում 18 հազար 93-ից հասնելով 44 հազար 82-ի: Պետությունը խաղամոլության դեմ պայքարի քաղաքականություն է սկսել, նոր նախաձեռնությամբ պատգամավորներն առաջարկում են սահմանափակել կանխիկ եղանակով, այդ թվում վճարային տերմինալների միջոցով խաղադրույքների կատարումը: Օրենքի ուժի մեջ մտնելուց 6 ամիս հետո էլ նախատեսվող կարգավորմամբ կարգելվի էլեկտրոնային դրամապանակների միջոցով խաղադրույքներ անելը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի համահեղինակ Ծովինար Վարդանյանն ասաց. «Նախագծի հիմնական նպատակը մեր քաղաքական թիմի կարևոր հայտարարությունն էր, որ պատրաստվում ենք խաղամոլության դեմ պայքարել: Այդ պայքարն իրականացվում է շատ ավելի մեծ գործիքակազմով, քան այս մի նախագիծն է: Վերջերս նաև Գովազդի մասին օրենքում փոփոխություններ կատարեցինք, որով սահմանափակեցինք շահումով խաղերի, վիճակախաղերի գովազդը: Այս նախագիծը պետք է դիտարկել այդ համատեքստում՝ որպես պայքարի գործիքներից մեկը»:
Պատգամավորը նկատեց՝ ցուցանիշները խոսում են խաղացողների մեծ քանակի, խաղադրույքների մեծ կշռի մասին: « Խաղամոլությունը հասել է այն մակարդակի, որ նույնիսկ դեպքեր են գրանցվել ապահովագրական ընկերություններում, երբ քաղաքացին կեղծել է դեպքը ապահովագրականից գումար ստանալու համար և այդ գումարը հետագայում խաղադրույք է կատարել: Դա խաղամոլություն է, որին պետք է ուշադրություն դարձնել»,-ասաց նա:
Նախագծով սահմանվում է, որ թե խաղադրույքի կատարումը, թե շահումի ստացումը լինելու է միայն անկանխիկ եղանակով: Քաղաքացին դրա համար պետք է ունենա բանկային հաշիվ: Ընդ որում` արգելվում է շահումը փոխանցել այն բանկային, քարտային հաշիվներին, որոնցից չեն կատարվել մասնակցության համար նախատեսված անկանխիկ վճարները: «Դա նախ ավելի քաղաքակիրթ մոտեցում է, և նաև քաղաքացիների նույնականացումը ավելի հեշտ կդարձնի՝ հասկանալու համար, թե խաղացողը չափահա՞ս է, թե՞ անչափահաս, ունի՞ այդ հնարավորությունը, թե՞ ոչ: Սա հետագայում կարող է շատ լավ բազա հանդիսանալ՝ օրինակ` բանկերի համար՝ հասկանալու, թե օրինակ սպառողական վարկի համար դիմած քաղաքացին արդյոք իր կենցաղային պահանջների համա՞ր է դիմում, թե՞ պատրաստվում է դա խաղադրույք կատարել»,-ասաց պատգամավորը՝ նկատելով, որ բանկերը, բնականաբար, ավելի քիչ հակված կլինեն վարկ տրամադրել խաղամոլներին՝ նկատի ունենալով վարկի մարման հետ կապված ռիսկերը:
Վարդանյանը հավելեց՝ կան մարդիկ, որոնք նպաստ են ստանում, սակայն այդ գումարով խաղադրույք են անում, ինչն անընդունելի է: Հետևաբար, ըստ նրա, կազմակերպչի հաշվին կանխիկ եղանակով մուտք անելու հնարավորության սահմանափակումը բարդացնելու է խաղալու հնարավորությունը: «Դա բավականին ուժեղ գործիք է: Դժվարացնում է խաղալու հնարավորությունը, սահմանափակում է հասանելիությունը: Իսկ հասանելիության սահմանափակումը պայքարի կարևոր գործիքներից մեկն է»,-ասաց պատգամավորը:
Պատգամավորը նկատում է՝ եթե անգամ քաղաքացին այդ նույն գումարով նույնիսկ ներդրում չանի, այլ թեկուզ խանութից մի բան գնի, և տնտեսավարողին է օգուտ տալիս, ինքն է իր հերթին օգուտ ստանում, իսկ խաղադրույք կատարելիս այլ իրավիճակ է ստեղծվում: «Այո, պատահում է, որ խաղադրույք կատարելիս շահում են, սակայն այդ կազմակերպությունները չեն ստեղծվել, որ վնասով աշխատեն: Նրանք օգուտով են աշխատում, և դա նորմալ է»,-ասաց պատգամավորը:
Խորհրդարանը վերջերս ընդունել է նաև օրենք՝ սահմանափակելով կանխիկի շրջանառությունը: Պատգամավորը օրենքի նախագիծը դիտարկում է նաև այդ համատեքստում՝ նշելով, որ դա նպաստում է թե կանխիկ շրջանառության սահմանափակմանը, թե նաև լավ գործիք է խաղամոլության դեմ պայքարի համար: Վարդանյանը չբացառեց, որ խաղամոլության դեմ պայքարի քաղաքականության համատեքստում այս նախագծին ևս հաջորդեն այլ փոփոխություններ: «Օրինակ, կարող է որոշ կազմակերպություններում, գերատեսչություններում այսինչ ոլորտի մարդկանց արգելվել աշխատանքային ժամերին խաղադրույք կատարելը: Կամ, օրինակ, նպաստառումների համար կարող է որևէ կարգավորում մտցվի»,-ասաց Վարդանյանը:
Պատգամավորը շեշտեց՝ նախագիծը տնտեսավարողին որևէ կերպ սահմանափակելու կամ տնտեսավարողի գործունեությունը սահմանափակելու մասին չէ, այն խաղամոլության դեմ պայքարին է վերաբերում: «Հետևաբար, չենք պատրաստվում տնտեսավարողին որևէ կերպ սահմանափակել: Դա նույնպես ժամանցի ձև է: Եվ մարդիկ կան, որոնք զուտ ժամանցի համար են օգտվում: Մենք ավելի շատ հակված ենք կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելուն, որ քաղաքացիներն ավելի քիչ հրապուրվեն նման խաղերով, խաղամոլության ճիրաններում չհայտնվեն»,-ասաց նա՝ հավելելով, որ դաշտն ավելի պատասխանատու, թափանցիկ կդառնա:
ՀՀ առողջապահության նախարարության հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով խորհրդատու Գևորգ Փաշիկյանը վերջին շրջանում խաղամոլության ավելացման միտում է տեսնում, մասնագետին դիմելիության շատ փոքր աճ կա, սակայն ավելի շատ դիմում են հարազատները՝ խնդրելու ուղղություն ցույց տալ, թե ինչպես պայքարեն խաղամոլության դեմ: «Դիմելիությունը բավականին ցածր է: Շատ հաճախ իրենք չեն ընկալում, որ ունեն խնդիր կամ ընկալում են, բայց փորձում են ինքնուրույն պայքարել դրա դեմ, որը հաճախ չի ստացվում: Չեն դիմում, կամ դիմում են ու բուժումը կիսատ թողնում»,-ասաց մասնագետը:
Նա նկատում է՝ մարդուն խաղալուց հետ պահելը բավականին դժվար է, քանի որ ինտերնետային խաղերը բավականին հասանելի են: Փաշիկյանը կարծում է, որ կանխիկ խաղադրույքները սահմանափակող օրենքի նախագիծը ընդունման դեպքում միայն որոշակիորեն կօգնի խաղամոլության դեմ պայքարին: «Անձը պետք է հասկանա, որ խաղալու ժամանակ երբեք չի հարստանալու, գումար չի աշխատելու: Պետք է ինքն իր առաջ սահմանափակումներ դնի, թե ինչքան խաղա, ինչքան գումար տրամադրի խաղալու համար, օրինակ՝ աշխատավարձի 3 տոկոսը, ոչ ավելին և այլն: Պետք է որոշակի հստակություն ունենա»,-ասաց նա:
Մասնագետը նշում նաև՝ կան դեպքեր, երբ մարդը խաղում է, սակայն դա կախվածություն չի առաջացնում: Պաթոլոգիկ խաղամոլությունը հոգեկան խանգարում է համարվում: Անդրադառնալով այդ երևույթին հարազատների արձագանքին, պահվածքին՝ նա ասաց, որ կոշտ, կտրուկ գործողությունները օգուտ չեն տա, պետք է փորձել բացատրել, հասկացնել, որ դա խնդիր է, որ մարդն ունի խնդիր և պետք է սկսի բուժում: Մասնագետը հորդորում է երբեք չխաղալ պարապությունից դրդված, իսկ, եթե արդեն խնդիր ունի, հորդորում է դիմել մասնագետի:
Աննա Գրիգորյան