Թուրքիայում պաշտոնապես վավերացվել է «Շուշիի հռչակագիրը»

Shushii hrchakagir

   Թուրքական պաշտոնական «Resmi Gazete» թերթը տեղեկացնում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև 2021-ի հունիսի 15-ին ստորագրված «Շուշիի հռչակագիրը» պաշտոնապես վավերացվել է:

Ըստ թուրքական պաշտոնաթերթի՝ հռչակագրում  «Հարավային գազային միջանցքի» վերաբերյալ շեշտադրումներ կան:

«Նախագահի թիվ 5340 հրամանագրով վավերացվել է Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերությունների մասին Շուշայի հռչակագիրը։

Հռչակագիրը նախատեսում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև բարեկամական և բազմակողմ համագործակցության խորացում: Երկու երկրների քաղաքական, տնտեսական, առևտրային, մշակութային, առողջապահական, կրթական, մարզական և հատկապես ռազմական ներուժը կիրացվի և համագործակցություն կլինի բոլոր բնագավառներում։

«Շուշիի հռչակագրում» նշվում է, որ «ադրբեջանական հողերն ազատագրվել են 30-ամյա օկուպացիայից»։

Հռչակագրի շրջանակներում Թուրքիայի և Ադրբեջանի միջև էներգետիկ ոլորտում նախատեսվում է իրականացնել տարբեր նախագծեր: Հռչակագրում տեղ գտած ձևակերպումների համաձայն՝  Թուրքիան և Ադրբեջանն առաջատար դեր կխաղան ռազմավարական «Հարավային գազային միջանցքի» գործարկման հարցում, որը կապահովի բնական գազի պաշարների և հոսքագծերի դիվերսիֆիկացում, ինչը նպաստում է տարածաշրջանի և Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը: Թուրքիան և Ադրբեջանը կաշխատեն համակարգված՝ Հարավային գազային միջանցքի արդյունավետ օգտագործման և հետագա զարգացման ուղղությամբ։ Երկու երկրները կնպաստեն նաև էլեկտրաէներգիայի ոլորտում տարածաշրջանային համագործակցությանը, որպեսզի ամրապնդվի տարածաշրջանի էներգետիկ մատակարարման անվտանգությունը՝ հաշվի առնելով համաշխարհային էներգետիկ ոլորտում տեղի ունեցող զարգացումները։

Հռչակագրում ընդգծվում է նաև Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև միջանցքի («Զանգեզուրի միջանցք») բացման և Նախիջևան-Կարս երկաթուղու կառուցման կարևորությունը՝ որպես միջանցքի շարունակություն։

Ազգամիջյան /միջպետական-խմբ./ համաձայնագիր

Որոշում N 5340

Թուրքիայի նախագահի թիվ 9 հրամանագրի 2-րդ և 3-րդ հոդվածների համաձայն՝ որոշում է կայացվել վավերացնել «Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ Շուշիի հռչակագիրը»։ 

 

Ermenihaber.am

Ձեզ կեհաքրքրի...