Ճապոնիայում ուժգին երկրաշարժ է գրանցվել, որին հաջորդել է ցունամին. կան զոհեր, վիրավորներ. armtimes
Ճապոնիայում ուժգին՝ 7,3 մագնիտուդ ուժգնությամբ, երկրաշարժ է գրանցվել, որից հետո ցունամիի նախազգուշացում է տրվել:
Ճապոնիայի հյուսիս-արևելքում հզոր երկրաշարժը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ մարտի 16-ին:
Օջախը գտնվել է 60 կիլոմետր խորության վրա, երկրաշարժը զգացվել է Ճապոնիայի հյուսիսային և հյուսիսարևելյան շրջաններում, ինչպես նաև Տոկիոյում։ 4 մարդ է զոհվել, 194 մարդ՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ:
Ըստ սեյսմոլոգների՝ ցունամիի առաջին ալիքները հյուսիսարևելյան ափին գտնվող Միյագի և Ֆուկուսիմա պրեֆեկտուրաներ են հասել։ Տեղի բնակիչներին հորդորել են չմոտենալ առափնյա գծին։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ 135,7 հազար տնային տնտեսություններ, որոնք սպասարկում են «Տոհոկու էլեկտրիկ Փաուեր»-ը, և 24,7 հազար տնային տնտեսություններ, որոնք սպասարկում են TEPCO-ն, դեռևս հոսանքազրկված են։ Ավելի քան 4000 տնային տնտեսություններ Ֆուկուսիմա, Միյագի և Իվատե պրեֆեկտուրաներում մնացել են առանց ջրամատակարարման։
Աղետի հետեւանքով վնասվել են Շիրոյշի եւ Տոմե (Միյագի պրեֆեկտուրա) քաղաքների ճանապարհները։ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում ցածրահարկ բնակելի շենք է փլուզվել:
Երկրաշարժը տարածաշրջանում տեղակայված ատոմակայաններում արտակարգ իրավիճակների չի հանգեցրել։