Գյումրու քաղաքային աղբանոցում հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու դի.
Երեկ՝ մարտի 16-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Գյումրու շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գյումրու քաղաքային աղբանոց, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, ոստիկանության Մուշի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մկտրչյանը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Գրիգորյանի գլխավորությամբ։ Ոստիկաններին նշված վայրում Գյումրիի բնակիչ՝ 60-ամյա Աշոտ Մ-ն հայտնել է, որ նույն օրը, ժամը 16։00-ի սահմաններում նշված աղբանոցում գունավոր մետաղների փնտրողական աշխատանքներ կատարելիս տեսել է, որ հողակույտը փլուզվել է, որտեղ այդ պահին փորելու միջոցով գունավոր մետաղներ էր փնտրում Գյումրիի բնակիչ՝ 30-ամյա Վազգեն Յ-ն և այդ ընթացքում ինքը մոտեցել է փլված հողակույտին ու տեսել է, որ Վազգեն Յ-ն չկա։ Նա ոստիկաններին ու քննիչներին հայտնել է նաև, որ դրանից հետո ենթադրել է, որ հնարավոր է՝ Վազգեն Յ-ն մնացած լինի հողակույտի տակ ու օգնության է կանչել իր ծանոթներ՝ Գյումրիի բնակիչներ, 41-ամյա Սանասար Մ-ին և 39-ամյա Արտյոմ Հ-ին։ Վերջիններիս օգնությամբ էլ փլուզված հողակույտի տակից հայտնաբերել են Վազգեն Յ-ին, ապա ահազանգել են Գյումրու շտապօգնություն, ու ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է երիտասարդի մահը։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախպատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։