Էրդողանի ու Ալիևի 4 ժամանոց քննարկման թեմաներից մեկը եղել է «Զանգեզուրի միջանցքը»
Մարտի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է մեկօրյա աշխատանքային այցով Անկարայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Շուրջ 4 ժամ տևած հանդիպումից հետո Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունից տարածել են տեղեկություն այն մասին, որ նախագահները քննարկել են թուրք-ադրբեջանական հարաբերությունները, տարածաշրջանային խնդիրները, այդ թվում ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները:
Կողմերը շեշտել են իրենց վճռականությունը «եղբայրության և բարեկամության հիման վրա զարգացող Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները բոլոր ոլորտներում ավելի ամրապնդելու հարցում»:
Հիշյալ հանդիպմանը քննարկվել են «Շուշիի հռչակագրով» համաձայնեցված թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության խորացման և զարգացման համար կատարվելիք քայլերը: Բացի այդ քննարկվել են «Զանգեզուրի միջանցքի» և Թուրքիա-Նախիջևան գազատարի նախագծի հետ կապված հարցեր:
Ալիևն ու Էրդողանը կարծիքներ են փոխանակել նաև Թուրքիա-Ադրբեջան համագործակցությամբ Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը նպաստելու թեմայով:
Աղբյուր`ermenihaber.am