Հայաստանում կհայտարարվեն երկամսյա և եռամսյա վարժական հավաքներ

Havaqner

  Կառավարությունն ընդունել է «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2022 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը: Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 1400 քաղաքացի:

Գործադիրը մեկ այլ որոշմամբ էլ նախատեսում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երկու ամիս ժամկետով` 2022 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը: Որոշմամբ՝ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների` ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով: Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 724 քաղաքացի:

Կառավարության որոշմամբ Հայկ Զաքարյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հայդելբերգ քաղաքի SCHMIEDER բուժհաստատությունում իրականացվող բուժման ծախսերը վճարելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությանը կհատկացվի 71389,47 հազար դրամ:

Հիմնավորման համաձայն՝ ներկա պահին զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Հայկ Զաքարյանի վերականգնողական բուժումն ավարտվել է, և Գերմանիայի բուժհաստատության կողմից տրամադրված գրավոր տեղեկատվության համաձայն՝ անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել բուժումը ևս 90 օր:

Ձեզ կեհաքրքրի...