Կառավարությունը նախատեսում է Ադրբեջանից բռնագաղթած ևս 254 ընտանիքի բնակարանների գնման վկայագրեր տրամադրել

Shenqer

Կառավարությունը նախատեսում է ՀՀ մարզերում հաշվառված Ադրբեջանից բռնագաղթած ևս 254 ընտանիքի բնակարանների գնման վկայագրեր տրամադրել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նա նշեց, որ ներկայացվող նախագիծը առնչվում է 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց բնակարանների գնման վկայագրերի տրամադրման գործընթացին։

« Բնակարանների գնման վկայագրերի տրամադրման առաջին գործընթացը տեղի ունեցել 2004-2006 թվականներին, երբ մարզերի մեր մի խումբ հայրենակիցներին տրամադրվել է բնակարաններին գնման վկայական։ 2020 թվականին առաջին անգամ այս գործընթացը իրականացվել է Երևանում՝ երբեք Երևանում ապրող մեր հայրենակիցները չէին օգտվել  այս աջակցությունից։ Եվ մենք նախորդ տարի ավարտեցինք այդ գործընթացը Երևանում։ Հիմա վերադառնում ենք մարզեր։ Այս տարի բյուջեով նախատեսված է 1,4 միլիարդ դրամ այս գործընթացի համար, նախնական կա  254 ընտանիք, և այս որոշումը առնչվում է իրենց»,- ասաց Սանոսյանը։

Նախարարը նշեց, որ նախագծով նախ հստակեցվում է, որ Ադրբեջանից բռնագաղթած անձինք բնակարանների գնման վկայագրեր կստանան  այն մարզում, որտեղ հաշվառված են, մարզպետարաններից աշխատակիցներ են ներգրավվելու այդ աշխատանքները կազմակերպելու համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ երկարատև ընդմիջումից հետո նախորդ տարի 275 ընտանիքի բնակարանների գնման վկայագրեր է տրամադրվել Երևանում և նրանցից շատերը բնակարան են ձեռք բերել։

« Հիմա փաստորեն մարզերում հաշվառված ընտանիքներին ենք նման հնարավորություն տալիս։ Շատ կարևոր որոշում է»,- ասաց Փաշինյանը։

 

Ձեզ կեհաքրքրի...