ՀՀ օբյեկտների վրա զինված հարձակման դեպքում հակաօդային պաշտպանության միջոցները ՀՀ օդային տարածքում կգործեն առանց նախազգուշացման. Որոշման նախագիծ

Hakaodayin

ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ՝ հետևյալ վերտառությամբ՝ «Հայաստանի Հանրապետության պետական սահմանը oդային տարածությունում պահպանելիս հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման կարգը հաստատելու մասին»։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացված է որոշման նախագծի հիմնավորումը, ըստ որի՝  որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» 10.12.2021թ. ՀՕ-375-Ն օրենքով կատարված լրացման կիրարկմամբ, ինչպես նաև ՀՀ վարչապետի 12.01.2022թ. N 25-Ա որոշման կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։  

««Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» վերոհիշյալ օրենքով «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածը լրացվել է 3-րդ մասով, որի համաձայն՝ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման կարգը սահմանելու լիազորությունը վերապահվել է ՀՀ  կառավարությանը: 

Նախագծով նախատեսվում է հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման շրջանակներում կարգավորել սահմանված կանոնների խախտմամբ ՀՀ պետական սահմանը հատած (հատող) օդանավերի կամ այլ թռչող սարքերի հետ կապի հաստատման և համապատասխան ցուցումներ տալու  (այդ թվում՝ կործանիչների կողմից), չկանխամտածված կամ արտակարգ իրավիճակներում օդային սահմանը խախտած օդանավերին կողմնորոշման նպատակով օգնություն ցուցաբերելու, ռազմական ավիացիայի և վերգետնյա կառավարման կետերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործումից առաջ նախազգուշացման նպատակով ռադիո և տեսողական ազդանշանների տրման, պետական սահմանի խախտումը կանխելու և կասեցնելու, առևանգված օդանավի կամ թռչող այլ սարքի կողմից օդային սահմանի խախտման դեպքում ռազմական ավիացիայի և վերգետնյա կառավարման կետերի կողմից ռադիոհրահանգների ու տեսողական ազդանշանների տրման, ինչպես նաև ՀՀ օդային տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների չեզոքացման նպատակով օդանավ-խախտողին ոչնչացնելու գործընթացը: 

Ըստ որոշման նախագծին կից  հավելվածի՝ զենք կիրառող, ինչպես նաև ՀՀ օբյեկտների վրա զինված հարձակում իրականացնող օդանավ-խախտողների վրա հակաօդային պաշտպանության միջոցները ՀՀ  օդային տարածությունում օգտագործվում են առանց նախազգուշացման: 
                               
Հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործումը  տարածվում է նաև  ՀՀ  պետական սահմանը խախտած հեռահար (ավտոմատ) կառավարվող և չկառավարվող ինքնաթիռների, հրթիռների, աէրոստատների, օդային գնդերի (օդապարիկների) և այլ անօդաչու սարքերի վրա, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված չեն ՀՀ  պետական սահմանի խախտումը կանխելու այլ միջոցներ:

Օդային տարածությունում ՀՀ պետական սահմանը խախտած և տրված հրահանգներին ու ազդանշաններին չենթարկվելու դեպքում հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործվում են սույն կարգին համապատասխան խախտում կատարող օդանավում ուղևորների բացակայության մասին տեղեկատվությունների առկայության դեպքում: Ուղևորներով օդանավերի վրա հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործվում են միայն այն դեպքերում, երբ առկա է իրական վտանգ այլ մարդկանց զոհվելու կամ էկոլոգիական աղետի առաջացման համար (պայմանով, որ սպառվել են օդանավի վայրէջքի համար անհրաժեշտ՝ իրադրությամբ պայմանավորված, բոլոր միջոցները): Մարդկանց զոհվելու իրական վտանգի և (կամ) էկոլոգիական աղետի առաջացման բացակայության դեպքում հակաօդային պաշտպանության միջոցները խոցման համար չեն օգտագործվում: 
 
Վերոհիշյալ որոշման նախագծի հավելվածին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այս հղումով` 
https://www.e-draft.am/projects/3957/about:

 

civic.am

Ձեզ կեհաքրքրի...