Հայաստանցիների 34 տոկոսը կողմ է՝ Արցախը միանա Հայաստանին, 11 տոկոսը՝ ՌԴ-ին․ IRI

IRI harcum

  ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը (International Republican Institute – IRI) սոցհարցում է իրականացրել Հայաստանում՝ հարցեր ուղղելով պետական ինստիտուտների հանդեպ վստահության, հարևանների հետ հարաբերությունների, Արցախի ապագայի, տնտեսության և այլ թեմաներով։ Արցախին (հարցման մեջ՝ Լեռնային Ղարաբաղ) վերաբերյալ հարցեր են ուղղվել այն մասին, թե որքան կարևոր է ղարաբաղյան հակամարտության կարգավորումն առաջիկա տասը տարում, և որն է հայաստանցիների համար լուծման ընդունելի տարբերակը։

Այսպես, հարցվածների 35 տոկոսը կարծում է, որ ընդունելի տարբերակ է Լեռնային Ղարաբաղի՝ որպես անկախ պետության ճանաչումը։

34 տոկոսի կարծիքով՝ ընդունելի տարբերակ է Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին՝ որպես շրջան։

Հայաստանի կազմում Լեռնային Ղարաբաղի՝ որպես ինքնավար շրջանի կարգավիճակի հաստատման օգտին է հանդես եկել հարցվածների 16 տոկոսը։

Ռուսաստանի կազմում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հաստատման մասին նշել է հարցվածների 11 տոկոսը։

Ներկայիս ստատուս քվոյի պահպանման օգտին է հարցման մասնակիցների 1 տոկոսը։

Այլ պատասխանները կազմում են մոտ 1 տոկոս, հրաժարվել է պատասխանել կամ չուներ պատասխան 2 տոկոսը։

Հարցվածների 82 տոկոսը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շատ կարևոր է առաջիկա տասը տարում Հայաստանի ապագայի համար։

Հարցումն իրականացվել է 1 512 քաղաքացիների շրջանում, ընդգրկել է նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածը։ Հարցումներն իրականացվել են հեռախոսային եղանակով։

 

civic.am

 

 

Gorilla

Ձեզ կեհաքրքրի...