Թեհրանն ուզում է Վաշինգտոնի հետ խոսել առանց միջնորդների. hhpress
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ, հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է միջուկային գործարքի եւ պատժամիջոցների վերացման հարցերով ուղիղ բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ: Դրանից գրեթե անմիջապես հետո ամերիկացիները պաշտոնաթող արեցին Իրանի գծով ներկայացուցչի տեղակալ Ռիչարդ Նեֆյուին, ով Թեհրանի հետ հարաբերություններում կոշտ դիրքորոշման կողմնակից է: «Wall Street Journal»-ի տեղեկություններով՝ Նեֆյուն տարաձայնություններ է ունեցել մյուս բանակցողների հետ: Այս ամենը միջուկային գործարքի վերականգնման հույսեր է ներշնչում, չնայած որ վերջին տարիներին Իրանի միջուկային ծրագիրը շատ հեռուն է գնացել: Սակայն համաձայնագրի ստեղծման համար ժամանակ քիչ է մնացել, իսկ դրա ձախողման դեպքում մեծ է Իրանի ու Իսրայելի միջեւ պատերազմի հավանականությունը: Աբդոլլահիանը նշել է, որ Թեհրանը պատրաստ է ուղիղ բանակցություններ վարել, եթե ամերիկյան կողմն ապացուցի, որ ուզում է եւ կարող է արժանապատիվ համաձայնագիր ապահովել: Այս հռետորաբանությունը նման չէ նախորդ հայտարարություններին, երբ իրանցիները պնդում էին, որ նախ ԱՄՆ-ն պետք է վերացնի պատժամիջոցները, եւ միայն դրանից հետո Իսլամական Հանրապետության ներկայացուցիչներն ամերիկացիների հետ կնստեն բանակցությունների սեղանի շուրջ: Իր բարձր պահանջներով Թեհրանը, ըստ էության, անհնարին դարձրեց այս կամ այն ձեւով վերադարձը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին կամ նման մեկ այլ գործարքի կնքումը: Հարկ է նշել, որ Իրանի ԱԳՆ ղեկավարին դժվար է կասկածել ԱՄՆ-ի նկատմամբ համակրանքի մեջ։ Նա անձամբ ծանոթ էր ամերիկացիների կողմից սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հետ եւ հայտարարել է, որ վերջինս ապահովում էր կարգն ու երկրների միջեւ ինտեգրացիան Մերձավոր Արեւելքի երկրներում։ Միեւնույն ժամանակ շեշտենք, որ նա չէ տոն տալիս Իրանի արտաքին քաղաքական գործերում։ Գլխավոր խոսքը միշտ պատկանում է Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, իսկ նա վերջերս ասել է, որ հնարավոր բանակցությունները չպետք է համարել կապիտուլյացիա։ Այս մասին հայտնում է AFP-ն: Ընդհանրապես՝ պահպանողականների համար, որոնց ներկայացուցիչը նաեւ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին է, ԱՄՆ-ի հետ գործարքը կարող է հեղինակության հետ կապված որոշակի օգուտ տալ, էլ չենք խոսում ճնշող տնտեսական իրավիճակի շտկման մասին: Բացառված չէ, որ Թեհրանը միտումնավոր ցուցադրական կոշտ գիծ է որդեգրել Վաշինգտոնի նկատմամբ սեփական քաղաքացիների աչքից չընկնելու համար, իսկ այնուհետեւ պլանավորում է որոշակի զիջումներ անել եւ համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ։ Ավելի վաղ պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենը հորդորել էր շտապել գործարքի կնքման հարցում։ Նա դա արել է Բեռլինում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բուրբոկի հետ մամուլի ասուլիսում։ Այնտեղ Բլինքենը նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի հետագա զարգացման դեպքում արդեն շուտով համաձայնագրի կնքումը կկորցնի ողջ իմաստը։ Կրկին ցուցադրական են Բլինքենի հայտարարությունների չափավորությունը եւ կառուցողական երկխոսության տրամադրվածությունը։ Վաշինգտոնն ակնարկել է, որ բանակցությունների համար անհրաժեշտ է մի քանի ամերիկացի բանտարկյալների ազատել իրանական բանտերից: Դա իրագործելի է թվում: Ավելին՝ Սպիտակ տունը նույնիսկ հրաժարվել է Ռիչարդ Նեֆյուի օգնությունից, ով, ինչպես նշեցինք, Թեհրանի հետ բանակցություններում կոշտ մոտեցման կողմնակից էր։ Հետաքրքիր է նաեւ այն, որ Իրանը հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից՝ կապված պատժամիջոցները չեղարկելու դիմաց հնարավոր ժամանակավոր գործարք կնքելու հետ: Այս մասին տեղեկացնում է «NBC News»-ը: «Կարծում եմ, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ իրավիճակն իրականում կախված չէ Ռուսաստանի Դաշնության եւ Արեւմուտքի միջեւ լարվածության աճից: Ըստ էության՝ եւ Մոսկվան, եւ Պեկինը, եւ Վաշինգտոնն ու Բրյուսելը չեն ցանկանում մեծացնել Իրանի միջուկային ներուժը: Բանակցություններում խոչընդոտն այժմ Թեհրանի ցանկությունն է՝ ստանալ երաշխիքներ գալիք տարիների ընթացքում նոր գործարքի իրականացման համար, մինչդեռ ԱՄՆ նախագահը ոչինչ չի կարող խոստանալ իր իրավահաջորդի փոխարեն»,- «Նեզավիսիմայա գազետային» ասել է Ռուսաստանի ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վլադիմիր Սաժինը։ Միեւնույն ժամանակ փորձագետը նշել է, որ Իրանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջեւ պոտենցիալ ուղիղ բանակցությունների մասին հայտարարությունները շատ հուսադրող նորություն են, քանի որ 2015 թ. գործարքի կնքման հաջողությունը կապված էր հենց Վաշինգտոնի ու Թեհրանի միջեւ ուղիղ շփումների հաստատման հետ։ Այս փուլում ժամանակավոր համաձայնագիրը կարող է ելք դառնալ, չնայած հաղորդումներին, որ Թեհրանը պնդում է մշտական տարբերակի կնքման մասին: «ԶԼՄ-ներում տեղեկություններ կան, որ ժամանակավոր համաձայնագրի ռուսական տարբերակը մերժվել է, սակայն այնքան էլ պարզ չէ, թե Մոսկվան կոնկրետ ինչ է առաջարկել: Իսկ Վիեննայում քննարկվող տարբերակներից մեկը բավական աշխատանքային է եւ նախատեսում է չեղարկել Դոնալդ Թրամփի կողմից սահմանված պատժամիջոցները եւ իրանական ակտիվների ապասառեցում, այդ թվում՝ Հարավային Կորեայի եւ Իրաքի հաշիվների վրա: Իսկ Իրանը պետք է պարտավորվեր չհարստացնել ուրանը մինչեւ 60 տոկոս եւ Ռուսաստանի Դաշնություն տեղափոխեր բարձր հարստացված ուրանի արդեն կուտակված պաշարները։ Նորագույն ցենտրիֆուգների աշխատանքը կսահմանափակվեր: Արդյունքում նոր համաձայնագրից Վաշինգտոնի կտրուկ դուրս գալու դեպքում Թեհրանը կարող է արագ զարգացնել իր միջուկային ներուժը, եւ դա երաշխիք կլինի, որ Միացյալ Նահանգները դուրս չգա համաձայնագրից»,- բացատրել է Սաժինը։ Սակայն բանակցությունների համար արդեն քիչ ժամանակ է մնացել, Թեհրանն էլ շարունակում է զարգացնել իր միջուկային ծրագիրը։ Կողմերը գործարք կնքելու համար ունեն 1-1.5 ամիս։ Հակառակ դեպքում տարածաշրջանում լարվածության աճն անխուսափելիորեն կհանգեցնի պատերազմի։
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում.
hhpress.am