Կարևոր է, որ ՄԱԿ-ը և միջազգային հանրությունը բացահայտեն և վեր հանեն Արցախում միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումները․ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հունվարի 25-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց քննարկում՝ «Զինված հակամարտություններում քաղաքացիական անձանց պաշտպանությունը» օրակարգով, որը նախագահել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Սթորեն։ Զեկույցներով հանդես են եկել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերը։
Հանդիպմանն իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հիշատակել է Նորվեգիայի պատմական ժառանգությունը հումանիտար գործունեության ոլորտում՝ նշելով, որ Հայաստանում հատուկ գնահատանքով են հիշում մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի առանցքային ներդրումն Առաջին աշխարհամարտից հետո հարյուր հազարավոր քաղաքացիական բնակչության, ներառյալ՝ Հայոց ցեղասպանության վերապրածների պաշտպանության գործում։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակին՝ դեսպան Մարգարյանը նշել է, որ համաշխարհային համավարակի պայմաններում հրադադարի համաձայնագրի և միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարմամբ պատերազմի սանձազերծումը նախապես ծրագրված և իրականացված գործողություն էր հայ էթնիկ բնակչության մասնակի կամ ամբողջական ոչնչացման միտումով։
Ընդգծվել է, որ որևէ խեղաթյուրված մեկնաբանություն կամ ռազմական գործողության կեղծ արդարացումներ չեն կարող հերքել ճշմարտությունը ու գոյություն ունեցող փաստերը։
Նշվել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եզակի դերը Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսական կարիքներին արձագանքելու և հրատապ մարդասիրական օգնություն տրամադրելու գործում:
ՀՀ մշտական ներկայացուցիչը շեշտել է, որ Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հումանիտար արձագանքման կենտրոնի գործունեությունը մեծ նշանակություն է ունեցել բնակչությանն անհրաժեշտ աջակցություն և ծառայություններ տրամադրելու գործում, որն իրականացվում է ականազերծման և բնակավայրերն ու գյուղատնտեսական տարածքները հազարավոր չպայթած զինամթերքից և պայթուցիկ նյութերից մաքրելուն զուգահեռ։
ՀՀ մշտական ներկայացուցիչը կարևորել է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը և միջազգային հանրությունը հնարավորություն և կարողություն ունենան բացահայտելու և վեր հանելու միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումները և ապահովելու, որ հակամարտային իրավիճակներում հայտնված մարդիկ չանտեսվեն, ինչպես նաև հասանելիություն ունենան միջազգային օժանդակությանը՝ մարդասիրության, չեզոքության, անաչառության և անկախության սկզբունքներին համահունչ։