ԱՄՆ Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է թուրք լրագրողի ձերբակալությանը

AMN um

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով լրագրող Սեդեֆ Քաբաշի ձերբակալությանը Թուրքիայում։

Պետդեպի խոսնակին Քաբաշի, ինչպես նաև թուրք երգչուհի Սեզեն Աքսուի երգերից մեկի՝ աղմուկ առաջացրած բառերի առնչությամբ Էրդողանի կոշտ հայտարության վերաբերյալ հարցեր էր ուղղել «Ամերիկայի ձայն»-ի թուրքական ծառայությունը։

«Խոսքի ազատությունը համընդհանուր է և խոսքի ազատության պաշտպանությունն ամրապնդում է ժողովրդավարությունը, եթե անգամ այն ներառում է բառեր, որոնք ոմանք համարում են վիճելի կամ մտահոգիչ: Ձեր նշած իրադարձություններից Սեդեֆ Քաբաշի ձերբակալության մասին տեղյակ ենք և հիասթափված»,-նշել է նա։

Փրայսը միաժամանակ խուսափել է մեկնաբանություն անել Սեզեն Աքսուի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ։

Հիշեցնենք, որ թուրք լրագրող Սեդեֆ Քաբաշը թուրքական «Tele1» հեռուստաալիքի ուղիղ եթերում մասնավորապես նշել էր․ «Երբ խոշոր եղջերավոր կենդանին պալատ է մտնում, նա չի դառնում թագավոր, բայց այ պալատը դառնում է գոմ»։ Այդ արտահայտության համար նա ձերբակալվել էր, քանի որ այն դիտարկվել էր որպես Էրդողանին ուղղված վիրավորանք։

Իսկ թուրք հայտնի երգչուհի Սեզեն Աքսուի դեպքում կրոնին ուղղված վիրավորանք էր որակվել նրա «Şahane bir şey yaşamak» երգում կիրառված՝ «Բարև տարե՛ք այն տգետ Հավվային և Ադեմին» արտահայտությունը, ինչին ի պատասխան՝ Էրդողանը մզկիթից հայտարարել էր, թե որևէ մեկի լեզուն չի կարող երկարել և հասնել սուրբ Ադամին և Եվային և որ այդ երկարող լեզուները հարկ եղած դեպքում կտրելն իրենց պարտականությունն է։

ermenihaber.am

Ձեզ կեհաքրքրի...