Թուրքիան փորձում է փրկել ոչ թե Ղազախստանը, այլ իրեն . hhpress

Turqian

   Քաղաքագետների ու փորձագետների մեծամասնությունը չի կասկածում, որ Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների հետեւում կային արտաքին ուժեր, որոնք սոցիալական ուղղվածության շարժումը վերածեցին քաղաքականի, ինչպես նաեւ ապահովեցին ահաբեկիչների ակտիվ մասնակցությունը գազի գնի թանկացման դեմ բողոքներին: Կատարելով գլխատումներ՝ նրանք «բարձրաձայն» հայտարարեցին, թե ովքեր են իրենք. արցախյան պատերազմում տեղի ունեցած իրադարձություններն ուղղակի մատնացույց են անում նրանց: Եվ եթե փորձենք պատասխանել նաեւ այն հարցին, թե ովքեր են շահագրգռված, որպեսզի Ղազախստանը հայտնվի քաոսի մեջ, կտեսնենք, որ երկու դեպքում էլ խոսքը նույն ուժերի մասին է… Հունվարի 2-ին Ղազախստանում բռնկված շարժման վերաբերյալ Թուրքիայում ոչինչ չէին խոսում, ավելին՝ ոչ մի հայտարարություն չէր արվում, սակայն հետո, երբ Հայաստանի նախագահած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) որոշեց Նուր Սուլթանի խնդրանքով մտնել այդ երկիր, եւ հասկանալի դարձավ, որ շարժումը կպարտվի, Անկարան հանկարծ հիշեց իր «ղազախ եղբայրներին»: Թուրքիայի «եղբայրական սիրազեղումների» մասին շատ է խոսվել, ուստի հիմա պարզապես կավելացնենք, որ նախօրեին Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Հունգարիայի եւ Թուրքմենստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ղազախստանի ներկայիս իրավիճակը: Թյուրքական պետությունների կազմակերպությունը (ԹՊԿ) իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնել Ղազախստանի ժողովրդին ու ղեկավարությանը՝ վստահությամբ, որ շատ շուտով խաղաղություն ու կայունություն կհաստատվի երկրում: Նիստի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, որում ԹՊԿ-ն պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Ղազախստանի ղեկավարությանը՝ ճգնաժամը հաղթահարելու համար: «Մենք աջակցում ենք նախագահ Տոկաեւի բարեփոխումների օրակարգին, որը կավելացնի եղբայրական ղազախ ժողովրդի բարեկեցությունը: Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու Ղազախստանի ղեկավարությանը եւ ժողովրդին»,- ասվում է հայտարարության մեջ: Կազմակերպությունն ընդգծել է «միջազգային իրավունքի հիմնական կանոնների եւ սկզբունքների պահպանման կարեւորությունը»։ «Աջակցում ենք Ղազախստանի կառավարության հակաահաբեկչական գործողություններին ընդդեմ ահաբեկիչների, արմատականների, ծայրահեղականների եւ հանցագործների, որոնք ձգտում են տապալել սահմանադրական կարգը։ Նշվեց, որ մինչեւ 2040 թ. (կազմակերպության) գործողությունների ծրագիրը ղեկավարության համար ուղեցույց է ծառայում համակարգման, համագործակցության եւ ազգային ու միջազգային փորձությունների ժամանակ փոխադարձ օգնության համար»,- նշված է հայտարարության մեջ։ Թուրքիայի նախկին բրիգադային գեներալ եւ Ադրբեջանում Թուրքիայի ռազմական կցորդ Յուջել Կարաուզը վերջերս հայտարարել է, որ թյուրքական պետությունները պետք է միացյալ զինված ուժեր ստեղծեն, որպեսզի իրենց տարածքում խուսափեն ղազախական սցենարից: «Կազմակերպության առաջին իսկ նիստում պետք է իրավական միջոցներ ընդունվեն միասնական ռազմական ուժի ստեղծման ուղղությամբ, ձեռնարկվեն իրական քայլեր։ Եթե ուշանանք, կարող ենք անուղղելի վնաս կրել։ Այն, ինչ հիմա կատարվում է Ղազախստանում, կարող է լինել եղբայրական մյուս հանրապետություններում»,-ասել է Կարաուզը: Սակայն Ղազախստանն արդեն ռազմավարական ընտրություն է կատարել՝ երկրում ստեղծված ծանր վիճակը հաղթահարելու համար դիմելով ՀԱՊԿ-ին: Այլընտրանք, իհարկե, կար. ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ՇՀԿ-ից բացի, Ղազախստանը Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ է, կազմակերպություն, որն առաջ է մղում «թյուրքական աշխարհի» գաղափարը եւ թյուրքալեզու ժողովուրդների միավորումն ինչ-որ վերպետական կառույցում՝ Թուրքիայի հովանու տակ: Անկեղծ ասած՝ ղազախ ժողովրդին աջակցության մասին թուրքերի խոսքերն անկեղծ չեն հնչում՝ հաշվի առնելով, որ Ղազախստանում ձերբակալված ծայրահեղ իսլամիստների շարքում քիչ չեն նրանք, ովքեր կրոնական կրթություն են ստացել հենց Թուրքիայում: Անկարան արդեն վաղուց «կադրերի դարբնոց» է դարձել Կենտրոնական Ասիայի կրոնական երիտասարդության համար: Իսկ ի՞նչ է պետք Թուրքիային: Նրան Թուրան է պետք, որի ստեղծման համար հենց Ղազախստանի կարիքն ունի, որը գրեթե լիովին ենթարկվում է նրան, ինչպես Ադրբեջանը: Այստեղ գործընկերության մասին խոսք չի կարող լինել, որովհետեւ Թուրքիայի պարագայում գործակցություն չի կարող լինել. Անկարան ի վիճակի է ոչ թե համագործակցել, այլ խժռել: Հենց դրա հետեւանքն են Թուրքիայում վերջին օրերին հնչող նյարդային հայտարարությունները՝ կապված այն բանի հետ, որ Մոսկվան, իբր, սարսափելի սխալ է գործել: Եվ Անկարան հուսահատ կերպով փորձում է հիշեցնել թուրքական եղբայրական միասնության մասին: Թյուրքական պետությունների կազմակերպության օնլայն խորհրդակցության նպատակը Ղազախստանին օգնելը չէ: Իրականում Թուրքիան հրատապ այս նիստի միջոցով, ամենայն հավանականությամբ, փորձում է փրկել ինքն իրեն ու Թյուրքական պետությունների կազմակերպությունը: Ղազախստանը, դիմելով ՀԱՊԿ-ին, ցուցադրեց, թե աշխարհաքաղաքական առումով որ կառույցն է ավելի հուսալի եւ ուժեղ: Սա, անշուշտ, հզոր ու համոզիչ հարված էր ԹՊԿ-ին: Եվ այս պայմաններում ոչ մի իմաստ չունի պահպանել ներկայությունը Թյուրքական պետությունների կազմակերպությունում: Բացառված չէ, որ արդյունքում Ղազախստանը մոտ ապագայում կարող է պաշտոնապես դուրս գալ ԹՊԿ-ից, իսկ դա կարող է ազդարարել կազմակերպության մահը: Որպես արդյունք՝ կպարտվի Թուրքիայի շուրջ միավորման պանթուրքական գաղափարը: Հիրավի, Ղազախստանի համար ընտրելու ժամանակն է, եւ այդ երկիրը կարծես թե արդեն ընտրել է: Թուրքական իշխանությունների ներկայացուցիչներն առայժմ զուսպ են գնահատում Ղազախստանում կատարվող իրադարձությունները: Պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ Գրիգորի Միրոնովի կարծիքով՝ նրանք թաքցնում են իրենց գրգռվածությունը ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությունից: «Բանն այն է, որ թուրք հանրության ներսում, ինչպես երբեք, ուժեղ են ռեւանշիստական տրամադրությունները: Հսկայական թվով տարբեր կազմակերպություններ ու հոսանքներ կան, որոնք պաշտպանում են Օսմանյան կայսրության վերածննդի գաղափարը: Եվ դա արդեն գաղտնիք չէ. գաղափարը դուրս է գալիս միջպետական մակարդակ: Թուրքիան էքսպանսիա է իրականացնում Սիրիայում, Մերձավոր Արեւելքի այլ երկրներում, Միջին Ասիայում, Բալկաններում: Իհարկե, թուրքական իշխանությունները հույս ունեին, որ կմեծացնեն իրենց ազդեցությունը այնտեղ: Հնարավոր է՝ այդ տրամադրությունների վրա ազդել է նաեւ պատերազմը Լեռնային Ղարաբաղում, որտեղ նրանք, ինչպես կարծում է Անկարան, օգնության ձեռք մեկնեցին ադրբեջանցիներին: Ղազախստանում թուրքերն ակնհայտորեն ցանկանում էին իրենց մասնակցությունն ունենալ: Այդ իսկ պատճառով նրանց համար ՀԱՊԿ-ի զորքերի մուտքն աշխարհաքաղաքական կորսված շանս է Միջին Ասիայում էքսպանսիա իրականացնելու համար: Եվ կարելի է ասել, որ խաղաղապահ օպերացիան հարված է «Մեծ Թուրան» նախագծի իրականացմանը, որով Անկարան է զբաղվում»,- նշել է Գրիգորի Միրոնովը՝ ավելացնելով, որ «Մեծ Թուրանը» թուրքական հանրության մեջ հասունանում է շատ տասնամյակների ընթացքում, եւ դրանում ոչ միայն Ղազախստանն է ընդգրկված, այլ նաեւ ռուսական Յակուտիան: Թուրքական էլիտան նման պլաններ ունի, բայց այն կյանքի կոչելու համար ոչ միայն քարոզչություն է հարկավոր, այլ նաեւ ֆինանսական հնարավորություններ: Թուրքիան այսօր այդպիսի հնարավորություններ ու ռեսուրսներ չունի: Բայց այդ երկիրը, իհարկե, կցանկանար լինել ՀԱՊԿ-ի եւ մասնավորապես՝ Ռուսաստանի տեղում, պարզապես հիմա վախենում է բացահայտ դուրս գալ ՌԴ-ի դեմ: Այնուամենայնիվ, պետք է զգույշ լինել. եթե ապագայում ռուսական պետությունը թուլանա, նրանք անպայման «կսողոսկեն» Միջին Ասիա, Ղրիմ ու Կովկաս:

hhpress.am

Ձեզ կեհաքրքրի...