Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

pashput

   ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը և Ղազախստանում խաղաղապահ զորախմբի աշխատանքը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը՝ մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ գործողության ընթացքի վերաբերյալ։ Նշվել են խաղաղապահ զորակազմի արդյունավետ համակարգված գործողությունները, որոնք նպաստում են հանրապետությունում իրավիճակի կարգավորմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Քննարկվել է նաև Արցախի շուրջ ստեղծված իրավիճսկը։ «Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և պայմանավորվածությունների կատարման որոշ հարցեր, որոնք արձանագրված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարություններում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ձեզ կեհաքրքրի...