Բաքուն կրկին հաստատել է՝ ամեն կերպ խոչընդոտելու է Հայաստանի և տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակմանը

Xochndot

  Բաքուն արձագանքել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությանը, որ չսպասելով Մեղրիի և Միջնավան-Հորադիզ հատվածներում նոր երկաթուղու կառուցմանը՝ պետք է Նախիջևանով դեպի Իրան հաղորդակցություն բացվի։ Մասնավորապես, նախօրեին Երևանում անցկացված հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո Մհեր Գրիգորյանը լրագրողներին ասել էր, թե ինչ հարցեր են քննարկվում տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման թեմայով։ Նա նշել էր, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խումբը քննարկում է Երասխ-Հորադիզ երկաթուղու փուլային բացման տարբերակը: Քննարկման դրված տարբերակներից մեկն այն է, որ չսպասելով Մեղրիի և Միջնավան-Հորադիզ հատվածներում նոր երկաթուղու կառուցմանը՝ բացվի Նախիջևանով դեպի Իրան հաղորդակցությունը։ Այդպիսով, Հայաստանը հնարավորություն կունենա երկաթուղային կապ հաստատել Իրանի հետ։ Ադրբեջանական իշխանությունների խոսափող haqqin.az-ն իր դիվանագիտական աղբյուրներին հղում կատարելով գրում է, որ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման բանակցային գործընթացում Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ մինչև Աղբենդ-Մեղրի-Նախիջևան նոր երկաթուղու շահագործումը՝ խոսք լինել չի կարող Իրանի հետ Հայաստանի հաղորդակցության վերականգնման մասին Նախիջևանով, ինչպես նաև այլ ուղղություններով։ Այս հայտարարությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ Ադրբեջանը շարունակում է խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների՝ տարածաշրջանային հաղորդակցության բոլոր ուղիների ապաշրջափակման մասով դրույթը և ցանկանում է ամեն կերպ Հայաստանին պահել ապաշրջափակման մեջ՝ դրա համար տարաբնույթ խոչընդոտներ ստեղծելով։ Բացի այդ, ադրբեջանական կողմի նման արձագանքը հաստատում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ արված հայտարարությունները, որ Բաքուն խոչընդոտում է Հայաստանին դեպի Իրան և ՌԴ ճանապարհ տրամադրելուն։ Էմմա Չոբանյան

 factor.am

Ձեզ կեհաքրքրի...