Ինչը կարող է խարխլել թուրքական պետականության հիմքերը . hhpress

Xarxlum

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները կարող են հանդիպել մոտ ժամանակներս: «Կարգավորման գործընթացի մեկնարկի համար մենք հատուկ ներկայացուցիչներ ենք նշանակել: Ամենամոտ ժամանակներս նրանք բանակցություններ կվարեն»,- ասել է Չավուշօղլուն Մալայզիայի արտաքին գործերի նախարար Սայֆուդդին Աբդուլլահի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում: Նրա խոսքերով՝ քննարկվում է նաեւ Ստամբուլի ու Երեւանի միջեւ ավիաթռիչքների վերականգնման հնարավորությունը: Նշենք, որ Անկարայի հատուկ ներկայացուցիչն է ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, իսկ Երեւանինը՝ խորհրդարանի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: Չավուշօղլուի հայտարարությունից հասկանալի է դառնում, որ Թուրքիան հիմա ձգտում է Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման: Այդ երկիրը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ նրա գործող իշխանությունները ընտրություններից առաջ ամեն օր ձայներ են կորցնում իրենց իսկ էքսպանսիոն քաղաքականության պատճառով: Այժմ նրանք լուրջ հաջողությունների արձանագրման կարիք ունեն, եւ, հավանաբար, հենց դրանով են պայմանավորված այն նախապայմանները, որոնք հրապարակել է Թուրքիան բանակցություններից առաջ: Այդ նախապայմանները հնարավոր բանակցություններից առաջ հնչեցվել են ոչ թե որպես «կարմիր գիծ»՝ Թուրքիայի համար, այլ որպես միջոց՝ պարզելու, թե Հայաստանը հիմա որ հարցերում եւ որքան է պատրաստ զիջումներ կատարելու: Հայաստանի դեպքում բանակցությունների ընթացքը կարող է վերահաստատել, որ հայկական շատ տարածքներ բռնազավթված են Թուրքիայի կողմից, որ Արեւմտյան Հայաստանում մինչ օրս շարունակվում է հայկական մշակութային արժեքների ոչնչացումը՝ հայկական հետքն իսպառ ջնջելու նպատակով: Անկարայի գործող իշխանությունների համար իրենց իսկ էքսպանսիոն քաղաքականության պատճառով իսկական գլխացավանք կարող են լինել այն ժողովուրդների հետ բանակցությունները, որոնց նրանք թիրախավորել ու բնաջնջել են կամ որոնց ենթարկել են բռնի ձուլման: Ծպտյալները, ովքեր գիտեն իրենց արմատների մասին, բայց վախենում են բարձրաձայն խոսել այդ մասին, ընտրություններում քվեարկության միջոցով կարող են հարված հասցնել գործող իշխանություններին՝ ելնելով նրանց վարած քաղաքականությունից: Բնական է՝ նրանց ազգային անվտանգության պատկերացումների հիմքում կլինեն նաեւ հայ-թուրքական հնարավոր բանակցությունները, որոնք կամ կբավարարեն նրանց հետաքրքրությունները, կամ վերջիններիս ինքնադրսեւորման պատճառ կլինեն՝ միտված այլ միջոցներով նույն այդ հետաքրքրությունների բավարարմանը: Եվ եթե Թուրքիայի իշխանությունները Հայաստանի հետ բանակցություններին նայեն որպես սոսկ սեփական ու ադրբեջանական հավակնությունների բավարարման հնարավորության՝ զերծ մնալով իրական հաշտեցման քայլերից, ծպտյալները Թուրքիայի ընտրություններում կարող են զգացնել տալ իրենց զսպված մղումները: Անկախ ազգային պատկանելությունից: Այս տեսանկյունից թուրքական իշխանությունների շահերից բխում են ոչ թե նախապայմանները, այլ անկեղծ երկխոսության ձգտումը եւ կատարված իրադարձությունների ընդունումը: Այլապես ծպտյալները, պարուրված գաղտնիության քողով, կարող են խարխլել թուրքական պետականության հիմքերը, երբ զգան, որ հարաբերությունների կարգավորման այլ տարբերակներ չեն մնացել: Սա հայտնի քաղաքականություն է, որը կիրառել է նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին սպառնալով, որ նրան կզրկի ֆրանսիական մահմեդականների ձայներից նախագահական առաջիկա ընտրություններում: Հիմա տեսնենք, թե Թուրքիայի էքսպանսիոն քաղաքականության հետեւանք դարձած տնտեսական ճգնաժամը ու, որպես հետեւանք, թուրքական լիրայի փլուզումն ինչպիսի դրսեւորումներ ունեն այսօր: Օրեր առաջ «ՀՀ»-ն գրել է, որ այդ երկիրը տնտեսական լուրջ խնդիրներ ունի՝ կապված ազգային արժույթի արժեզրկման հետ, ինչը տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումների հետեւանքն է: Դեկտեմբերի 18-ին նոր հակառեկորդ սահմանվեց. 1 դոլարն արժեր 18 լիրա: Արդեն երեկ առավոտյան 1 դոլարը կազմում էր 11 լիրա:  Մինչ այդ թուրքական տարադրամը անկում ունեցավ մինչեւ 10 տոկոս՝ այն բանից հետո, երբ Կենտրոնական բանկը որոշում կայացրեց հաշվարկային դրույքաչափը 15-ից իջեցնել 14-ի: Վերջին մեկ ամսում լիրան կորցրել է իր արժեքի 40 տոկոսը, իսկ հունվարից՝ 60 տոկոսը: Լիրայի կտրուկ աճն սկսվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ կուրսի անկայունությանը հակազդելու նպատակով ձեռնարկելիք նոր միջոցառումների մասին հայտարարությունից հետո: Դա կլինի նաեւ ֆորվարդային փոխարժեք արտահանողների համար: Էրդողանը վստահ է, որ ցածր առանցքային տոկոսադրույքը կօգնի զսպել գնաճը: Լիրայի անկման պայմաններում առաջին հերթին տուժում են ներքին շուկայի համար աշխատողները, ինչպես նաեւ այն ընկերությունները, որոնք կախված են ներմուծումից։ Միայն երկուշաբթի օրը ազգային արժույթն էժանացել է 9 տոկոսով, դոլարը թանկացել է՝ հասնելով մոտ 18 լիրայի։ Պատճառը Թուրքիայի կենտրոնական բանկի քաղաքականության համակարգված մեղմացումն է: Անցած շաբաթ այդ երկրում հերթական անգամ նվազեցրել են տոկոսադրույքը: Էրդողանը կարծում է, որ դա կհանգեցնի արժեզրկման կրճատման: Բայց առայժմ ամեն բան ընթանում է հակառակ ուղղությամբ. սննդի, շինանյութերի գներն աճում են, ինչի պատճառով կտրուկ աճում է նաեւ անշարժ գույքի արժեքը: Հանգստյան օրերին թուրքական խոշոր գործարար ասոցիացիան, որում ազդեցիկ գործարարներ կան, դիմեց Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ խնդրելով հրաժարվել իր տնտեսական մոդելից: Թուրքիայի ղեկավարը ձեւականորեն տոկոսադրույքներ չի սահմանում, սակայն եթե տեղի ԿԲ-ն հրաժարվում է դա անել, պաշտոնանկություններ են սկսվում: Գործարարներն ասում են, որ այժմյան տնտեսական քաղաքականությունը հանգեցնում է անկայունության: Ինչպես միշտ, նման դեպքերում կան նաեւ շահողներ: Թուրք արտահանողները, ովքեր դոլար ու եվրո են վաստակում, իրենց շատ լավ են զգում: Եվ վարկերը երկրում ավելի էժան են դարձել: Գործարարությունը, որը միտված է դեպի դրսի շուկան, հայտնվել է շահեկան վիճակում: Հարկ է նշել, որ Թուրքիայում երկու ազդեցիկ գործարար ասոցիացիա կա: Եվ այն, որը դիմել է Էրդողանին, «Bloomberg»-ի արտահայտությամբ՝ «քայլում է դանակի սուր եզրով»: Մի կողմից՝ ձգտում է իր հանդեպ ուշադրություն բեւեռել, իսկ մյուս կողմից՝ չդառնալ քաղաքական թիրախ: Մյուս ասոցիացիան, որն ավելի չեզոք է երկրի ղեկավարի նկատմամբ, ուշադրություն չի գրավում ու չի դժգոհում: Հաստատ չեն դժգոհի նաեւ արտասահմանցիները, ովքեր որոշել են անշարժ գույք գնել Թուրքիայում: Չնայած դրանց գները բարձրանում են, պետք է ասել, որ դոլարային կապիտալ ունեցողները, միեւնույն է, կարող են իրենց համար բնակարաններ գնել ծովափնյա շրջանում: Ինչ մնում է թուրքական տնտեսությանը, այստեղ ամեն ինչ ցույց կտա ապագան: Այդուհանդերձ, Թուրքիան սրընթաց գնաճով ու բնակչության աճող դժգոհությամբ ցուցադրական օրինակ է դրամավարկային քաղաքականության մեղմացման կողմնակիցների համար: Թուրքերի 57 տոկոսը, ըստ «Turkiye Raporu» սոցիոլոգիական ընկերության հարցման, կարծում է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տնտեսական մոդելը սխալ է: Նշվում է, որ երկրի ղեկավարի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ընտրողների 11 եւ նրա դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության 19 տոկոսը դեմ են Էրդողանի ցածր տոկոսադրույքների քաղաքականությանը: Լիրայի արժեքի բարձրացումը ոչինչ չի նշանակում գների համատարած աճի պայմաններում եւ, հավանաբար, կվերսկսի նվազել: Էրդողանը չի ցանկանում հրաժարվել այդ քաղաքականությունից, բայց երկրում կայանալիք հերթական ընտրությունների նախօրեին չի ուզում կորցնել իր ընտրողներին: Ուստի հնարել է երկրի տնտեսության վրա արտաքին ուժերի հարձակման հեքիաթը՝ հանրությանը կրկին որպես հերոս ներկայանալու համար: Եթե թուրքական իշխանություններին չհաջողվի կանգնեցնել լիրայի հետագա անկումը, այն կարող է հանգեցնել դեպի Թուրքիա զբոսաշրջային փաթեթների գների բարձրացման: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի տուրինդուստրիայի միության փոխնախագահ Յուրի Բարզիկինը: Եթե ռուս զբոսաշրջիկների թիվը նվազի, դա եւս մեկ ծանր հարված կլինի թուրքական տնտեսությանը: Վերադառնալով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հնարավոր բանակցությունների թեմային՝ հարկ է դիտարկել բոլոր հնարավորություններն ու խութերը՝ հասկանալու համար, թե արդյոք արժե՞ երկխոսություն սկսել թուրքական այն իշխանության հետ, որը կարող է չստանալ երկրի քաղաքացիների քվեներն առաջիկա ընտրություններում…

hhpress.am

 

Ձեզ կեհաքրքրի...