Ստուգելով Սերժ Սարգսյանի հնչեցրած թվերը․ civilnet.am

Sargsyan

  Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 18-ին իր ղեկավարած Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) 17-րդ համագումարի շրջանակում ծավալուն ելույթ ունեցավ՝ ներկայացնելով մի շարք վիճակագրական տվյալներ։

Աղքատություն

«Իրականությունն այն է, որ այսօր Հայաստանում համարյա ամեն երրորդն աղքատ է, և այս ցուցանիշը կտրուկ վատացել է վերջին երկու տարիներին: Ըստ Համաշխարհային բանկի աղքատության վերին գծի՝ Հայաստանում աղքատ է բնակչության 47,6%-ը: Այնինչ, ընդամենը երեք տարի առաջ մարդիկ բազային կարիքների միջին բավարարվածություն ունեին»,- հայտարարել է Սարգսյանը։

Ըստ Վիճակագրական կոմիտեի վերջերս հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2021» զեկույցի՝ 2020-ին Հայաստանի բնակչության 27 տոկոսը համարվում է աղքատ՝ ըստ աղքատության միջին գծի։ Իսկ ըստ աղքատության վերին գծի՝ բնակչության 47,6 տոկոսն է աղքատ։ Այսինքն, ըստ աղքատության միջին գծի՝ ոչ թե ամեն երրորդն է աղքատ, այլ ավելի շուտ՝ ամեն չորրորդը։

Ինչ վերաբերում է աղքատության ցուցանիշի վերջին երկու տարիներին կտրուկ վատանալուն, այս պահին դա հնարավոր չէ վիճակագրորեն ստուգել, քանի որ դեռ չեն հրապարակվել 2021-ի աղքատության ցուցանիշները։

Վիճակագրական կոմիտեն 2019-ին վերանայել է աղքատության գնահատման մեթոդաբանությունը, և մինչև այդ թվականն այդ մեթոդաբանությամբ հաշվարկված աղքատության վերին աստիճանի տվյալներ չկան։ Նման տվյալ կարելի է գտնել Համաշխարհային բանկի բազայում ։ Այստեղ երևում է, որ աղքատության մակարդակը 2008-ից սկսած ամենացածրն է եղել 2016-ին՝ 37,5%, որից հետո սկսել է աճել և անցած տարի արդեն հասել է 47,6%-ի։

Ծնունդներ և մահեր

«2020-ի վերջին 70 տարվա մեջ պատմական ամենացածր կորն արձանագրվեց ժողովրդագրության տեսանկյունից, որովհետև մեր երկրում ծնունդների ու մահերի թվերը գրեթե հավասարվել են»,- պնդել է Սարգսյանը։

2020-ին, իրոք, ծնունդներն ու մահերը գրեթե հավասարվել են։ Այսպես, փետրվարին Վիճակագրական կոմիտեի հրապարակած սոցիալ-տնտեսական վիճակի մասին ամենամսյա զեկույցի  ժողովրդագրական բաժնի՝ անցած տարի Հայաստանում գրանցվել է 36 448 ծնունդ և 35 371 մահ։ Մահերի թիվը՝ հաշվի առնելով պատերազմից հետո աճյունների հայտնաբերման և նույնականացման գործընթացը, դեռ վերջնական չէ։ Ըստ նոյեմբերին Վիճկոմիտեի հրապարակած «Աղքատության պատկերը Հայաստանում 2009-2020 թվականներին» զեկույցի՝ 2020-ին ավելի ճշգրիտ, բայց դեռ ոչ վերջնական տվյալների, գրանցվել է 36 170 մահ։

Սա, սակայն, պարզ բացատրություն ունի։ 2020-ը երկու մեծ արհավիրքների տարի էր՝ կորոնավիրուսի համավարակ և 44-օրյա պատերազմ, որոնցից յուրաքանչյուրը հազարավոր կյանքեր խլեցին։

Ըստ Վիճկոմիտեի տվյալների բազայի (ArmStatBank)՝ որտեղ առկա են Հայաստանում ծնունդների և մահերի մասին տվյալներ սկսած 1960-ից, անցած տարի՝ 2020-ին, արձանագրվել է՝ ինչպես Սերժ Սարգսյանն է նկարագրում՝ ժողովրդագրության տեսանկյունից ամենացածր կորը։

Սակայն կարևոր է ընդգծել, որ այդ կորը ձևավորվել է մահերի թվի աննախադեպ աճի հետևանքով։ Ավելին՝ 2020-ին ծնունդների թիվը էապես չի փոխվել և համեմատելի է եղել նախորդած 2-3 տարիների ծնունդների թվի հետ։ Այսպես, 2020-ին գրանցվել է 36 353 ծնունդ, 2019-ին՝ 36 041, 2018-ին՝ 36 574, իսկ 2017-ին՝ 37 700 ծնունդ։ Փաստացի, 2020-ին ավելի շատ ծնունդ է գրանցվել, քան 2019-ին։

Մահացության աճ

«Այս տարվա արդյունքները, բնականաբար, ամփոփված չեն, սակայն առաջին տասը ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մահացության դեպքերն աճել են 6,3 տոկոսով»,- հայտարարել է Սարգսյանը։

Ըստ Վիճակագրական կոմիտեի, իրոք, այս տարվա առաջին տասն ամիսներին գրանցվել 6,3 տոկոսով ավելի մահեր, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում։ Եթե 2020-ի հունվար-հոկտեմբերին գրանցվել է մահացության 25 520 դեպք, ապա այս տարվա հունվար-հոկտեմբերին գրանցվել է 27 136 մահ։

Հարկ է նշել, սակայն, դրա պատճառները։ Այս տարվա տասը ամիսներին 2,6 անգամ ավելի մահ է գրանցվել կորոնավիրուսից, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում։ Դրանք կազմում են համապատասխանաբար 1 431 և 3 755։

Ավելին, 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական գործողությունների հետևանքով 227 մահեր, որոնց քաղաքացիական կացության գրանցումները կատարվել են 2021-ի ապրիլ-հոկտեմբեր ամիսներին, ներառված են այս տարվա ցուցանիշի մեջ և կվերանայվեն 2021-ի տարեկան ցուցանիշների ամփոփման ժամանակ։

Արտագաղթ

«Մինչ մենք այս լուսավոր դահլիճում խոսում ենք մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներից, «Զվարթնոց» օդանավակայանում բազմաթիվ ընտանիքներ արցունքներն աչքերին հրաժեշտ են տալիս իրենց հարազատներին ու օտար երկրում հաստատվելու հույս փայփայում»,- հայտարարել է Սարգսյանը։

Սարգսյանի այս հայտարարությունը տարակուսելի է, քանի որ արտագաղթը նոր չէ Հայաստանի համար։

Այսպես, չնայած Սերժ Սարգսյանը թվեր չի ներկայացրել արտագաղթի մասին, այս տարվա առաջին ինն ամիսներին, իրոք, Հայաստան ժամանած և Հայաստանից մեկնածների ամենամեծ բացասական սալդոն է գրանցվել վերջին հինգ տարիների ընթացքում։

Այսպես, ըստ Վիճակագրական կոմիտեի՝ հունվար-սեպտեմբերին մեկնած-ժամանածների տարբերությունը կազմել է  67 504։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում այն դրական էր՝ +8 517, սակայն դա ըստ ամենայնի պայմանավորված էր կորոնավիրուսի համավարակի հետևանքով սահմանների փակման հետ։

Մուտք-ելքերի թվերը սովորաբար ամփոփվում են տարեկան կտրվածքով, և դրանք հաճախ էապես տարբերվում են, օրինակ, տարվա առաջին ինն ամսվա տվյալներից։ Օրինակ՝ 2019-ի հունվար-սեպտեմբերին տարբերությունը ինն ամսիներին եղել է բացասական՝ -9 857, իսկ տարեկան կտրվածքով՝ դրական՝ +10 506։

Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը խոսում է արտագաղթի մասին առանց հիշատակելու իր նախագահության տարիների վիճակագրությունը։ Այսպես, 2008-2017 թթ. ամեն տարի ավելի շատ մարդ է մեկնել Հայաստանից, քան ժամանել։ Ընդհանուր առմամբ՝ Սերժ Սարգսյանի նախագահության տասը տարիներին ելք-մուտքերի տարբերությունը կազմել է -372 680, այսինքն՝ ամեն տարի միջինը շուրջ 37 000 մարդ դուրս է եկել Հայաստանից։

Այսպիսով, Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագարումարում իր ելույթում ներկայացրել է վիճակագրական տվյալներ, որոնք, սակայն, առանց համատեքստի ներկայացման մոլորեցնում են իրականությունը։

Աղբյուր՝ civilnet.am

Ձեզ կեհաքրքրի...