Թել Ավիվը Վաշինգտոնին համոզում է թեքվել դեպի «Բ» պլանը. hhpress
Իսրայելի իշխանությունները որոշել են պաշտպանության նախարար Բենի Գանցին եւ հետախուզական «Մոսադ» գործակալության ղեկավար Դավիդ Բառնեային գործուղել Վաշինգտոն՝ Ջոզեֆ Բայդենի վարչակազմին համոզելու, որ իրանական ատոմի հարցում այլընտրանքային ուղիների որոնման անհրաժեշտություն կա: «Միջուկային գործարքի» վերականգնմանը միտված Վիեննայի բանակցությունները, որոնք ավարտվեցին անցած շաբաթ, հիասթափեցրել են արեւմտյան տերություններին: Եվրոպական դիվանագետները ոչ պաշտոնական զրույցներում Թեհրանին մեղադրում են փոխզիջումներից հրաժարվելու մեջ: Այն մասին, որ Բառնեային ու Գանցին լուրջ խորհրդակցություններ են սպասվում Վաշինգտոնում, հայտարարել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը: «Մեր նպատակը հնարավորությունների պատուհանն օգտագործելն է, որը բացվում է Վիեննայի բանակցային գործընթացի ռաունդների միջեւ` ԱՄՆ-ում մեր բարեկամներին ասելու համար, որ ժամանակն է օգտագործել այլ գործիք` ընդդեմ ուրանի հարստացման ոլորտում Իրանի արագ առաջընթացի»,- ասել է նա: Վարչապետը շեշտել է, որ Թեհրանը «պետք է հատուցի իր խախտումների համար»՝ նշելով, որ բանակցությունների հերթական ռաունդը Վիեննայում «ավարտվել է անարդյունք», որովհետեւ իրանական կողմը, իր գնահատմամբ, «հրաժարվել է նախկին պայմանավորվածություններից» եւ չափազանց կոշտ մոտեցում է որդեգրել: «Այդ հարցով մենք ինտենսիվ երկխոսություն ենք վարում ամերիկացիների, անգլիացիների, ֆրանսիացիների, Ռուսաստանի ու մյուսների հետ,- նշել է Բենեթը:- Ես յուրաքանչյուր երկրին կոչ եմ անում, որը բանակցություններ է վարում Իրանի հետ Վիեննայում, ամուր դիրք զբաղեցնել եւ հասկացնել նրան, որ անհնար է բանակցություններ վարել եւ միեւնույն ժամանակ հարստացնել ուրանը»: Վճռականություն է ցուցաբերել նաեւ հրեական պետության նախագահ Իցհակ Հերցոգը: Դեկտեմբերի 5-ին, ելույթ ունենալով ԱՄՆ նոր դեսպան Թոմ Նեյդսի՝ հավատարմագրերն իրեն հանձնելու արարողության ժամանակ, նա ասել է. «Եթե միջազգային հանրությունը համատեղ ուժերով չգործի իրանական միջուկային սպառնալիքի դեմ, եթե դիվանագիտական համաձայնագիր ձեռք չբերվի, Իսրայելն իրեն իրավունք կվերապահի օգտագործել ցանկացած հնարավորություն` իրեն պաշտպանելու համար»։ Վիեննայում միջազգային միջնորդների «հնգյակի» (Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա եւ Ֆրանսիա) եւ Իրանի միջեւ խորհրդակցությունների փուլը, որին անուղղակիորեն մասնակցում է նաեւ ԱՄՆ-ը, ավարտվել է անցած շաբաթ` առանց տեսանելի արդյունքների։ Բանակցությունների բովանդակությանը ծանոթ արեւմտյան դիվանագետներն իրենց իրանցի գործընկերների մասին առանձնապես լավ չեն արտահայտվել: «Թեհրանը հրաժարվում է գրեթե բոլոր բարդ փոխզիջումներից, որոնք մշակվել են երկար ամիսների լարված աշխատանքից հետո, եւ պահանջում է լուրջ փոփոխություններ համաձայնագրի տեքստում,- եվրոպական երկրների ներկայացուցիչների խոսքերը մեջբերել է «Politico»-ի եվրոպական բյուրոն:- Իրանի որոշ առաջարկներ անհամատեղելի են միջուկային գործարքի հետ, իսկ մյուսները լիովին դուրս են դրա դրույթների շրջանակներից»: Թեհրանը, ի դեպ, համարում է, որ իրավունք ունի պահանջել պատժամիջոցների առավելագույն թուլացում: Այսպես՝ օրերս Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալի Բագերին, ով գլխավորում էր իրանական պատվիրակությունը Վիեննայում կայացած բանակցություններում, հայտարարել է, որ իր երկիրը «չի նահանջի 2015 թվականի համաձայնագրի վերականգնման եւ պատժամիջոցների վերացման իր պահանջներից»: «Կապված այն բանի հետ, որ 2018 թ. համաձայնագրից առաջինը դուրս է եկել ԱՄՆ-ը, նախ նա պետք է առաջին քայլն անի»,- ընդգծել է դիվանագետը։ Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Սաիդ Խաթիբզադեն, իր հերթին, հայտարարել է, որ միջուկային գործարքի վերաբերյալ բանակցությունները Վիեննայում կվերսկսվեն շաբաթվա վերջին: «Բանակցությունների հերթական փուլը կմեկնարկի շաբաթվա վերջին: Հավատարիմ ենք այն նախագծերի պահանջներին, որոնք ներկայացրել ենք մեր ընդդիմախոսներին։ Ժամանակավոր կամ փուլային համաձայնագրի մասին խոսք չկա։ Մեր զրուցակիցները չառարկեցին ներկայացված տեքստին, նրանք պարզապես ասացին, որ պետք է գնահատեն բոլոր կետերը եւ չեն կարող բավարարել դրանցից յուրաքանչյուրը»,- ասել է Խաթիբզադեն ԱԳՆ-ում կայացած ճեպազրույցում։ Նա շեշտել է, որ բանակցությունները չեն ավարտվել, պարզապես դադար է, եւ անհրաժեշտության դեպքում Իրանը կարող է նոր պահանջներ ներկայացնել: «Իրանը ճկունություն դրսեւորեց Վիեննայի բանակցություններում, բայց հակառակ կողմը նույնը չարեց։ Մենք չենք բավարարվի միջուկային գործարքից պակաս բանով եւ չենք ստանձնի ավելին, քան այդ համաձայնագրից բխող պարտավորությունները։ Պատժամիջոցները շարունակվում են, եւ մեզ համար ոչ մի ճանապարհ դեռ բաց չէ»,- ասել է նա։ Գանցն ու Բառնեան ԱՄՆ-ում, ըստ ամենայնի, կձգտեն ոչ միայն Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմի ուժեղացմանը, այլեւ կփորձեն հասնել ուժային սցենարի հաստատմանը։ Այսպես՝ իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը տեղեկացրել է, որ ամերիկյան կողմին կառաջարկվի գրոհել ծայրամասային թիրախների վրա, օրինակ՝ Եմենում Իրանի ենթադրյալ դիրքերի։ Եթե Բայդենի վարչակազմը հեռանա ավելի կոշտ մոտեցումից, հնարավոր է, որ Իսրայելը պատրաստ լինի ինքնուրույն գործել իրանական թիրախների դեմ: «Jewish Chronicle» թերթի վերջին հրապարակումը ցույց տվեց, որ Նաթանզի միջուկային օբյեկտում ապրիլյան դիվերսիաները «Մոսադի» օպերացիաների արդյունք էին, գործողություններ, որոնցում գործարկվել է հավաքագրված իրանցի գիտնականների խումբը: Այն, ըստ թերթի, բաղկացած է եղել մինչեւ 10 հետազոտողից, ովքեր ընդունել են Նաթանզում գտնվող հաստատությունում ցենտրիֆուգներով սենյակ պայթեցնելու Իսրայելի առաջարկը: Դա նույնիսկ առիթ տվեց Թեհրանին՝ ենթադրելու, որ տեղում աշխատել է ոչ թե արտաքին հետախուզությունը, այլ ներքին ընդդիմադիր խմբավորումները։ Դիվերսիոն հարձակումը դարձավ «Մոսադի» զանգվածային արշավի մի մասը, որը տեւեց 11 ամիս եւ բաղկացած էր երեք փուլից։ Թիրախավորվել էին ոչ միայն Նաթանզի, այլեւ Քերեջի ենթակառուցվածքները: Այդ գործողությունների շրջանակներում, ինչպես նշում է «Jewish Chronicle»-ը, օգտագործվել են պայթուցիկներ՝ վաղուց տեղադրված շինանյութերի մեջ, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարք։ Ի դեպ, անօդաչու թռչող սարքն արդեն հավաքվել էր Իրանում՝ Իսրայելի համար աշխատող գործակալների կողմից. այն տեղափոխվել էր Իրան դետալ առ դետալ: Ըստ «Jewish Chronicle»-ի՝ «Մոսադի» գործողությունների արդյունքում ոչնչացվել է 90 ցենտրիֆուգ, 9 ամսով սառեցվել է Իրանի առանցքային միջուկային օբյեկտներից մեկի գործունեությունը։ Միանգամայն հնարավոր է, որ մամուլում այս մանրամասների հայտնվելը կարող է նախազգուշացում լինել, թե ինչ է սպասվում Իրանի ռազմավարական ենթակառուցվածքներին բանակցությունների խափանման դեպքում: Բայց այս սցենարի իրականացումը երկար ժամանակով կփակի ցանկացած երկխոսության ճանապարհը։