Երևանի վերելակային տնտեսությունը սկսել է «շունչ քաշել». 570-ից ավելի վերելակ արդեն փոխվել է

Verelaknery

Երևանի բարձրահարկ շենքերում 2019 թվականից սկսած վերելակների փոխարինման ծրագրով փոխվել է 570-ից ավելի վերելակ: 2019 թվականին տեղադրվել է 20, 2020 թվականին՝ 500, իսկ 2021 թվականին՝ 54 վերելակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը նշեց, որ այս տարի այն հասցեներում են վերելակները փոխվել, որտեղ ապրում են 44-օրյա պատերազմում վիրավորված զինվորները՝ ունենալով հենաշարժողական, լսողական խնդիրներ:

«Այս տարվա աշխատանքներն ուղղված են մեր զինվորներին՝ Երևանի քաղաքապետարանի կողմից քաղաքապետի գլխավորությամբ: Ծրագիրն ավարտման փուլում է, մինչև տարվա վերջնական աշխատանքները կամփոփվեն»,- ասաց Արսեն Կարոյանը:

Վերելակների փոխարինման ծրագիրը շարունակական է լինելու: Արդեն մրցույթ է հայտարարված ևս 46 վերելակի ձեռքբերման համար: Դրանք տեղադրվելու են 2022 թվականին: Նախատեսվում է, որ նշված 46-ից բացի, նոր վերելակների համար դարձյալ մրցույթ է հայտարարվելու: Փոխարինման համար ընտրվում են այն վերելակները, որոնք գտնվում են շատ վատ վիճակում ու առաջնահերթ փոխարինման ենթակա են: Արսեն Կարոյանը նշեց, որ ընդհանուր առմամբ վերելակային տնտեսությունը վատ վիճակում է: Կան վերելակներ, որոնք 40 տարուց ավելի են շահագործվում:

«2019 թվականից իրականացվող աշխատանքներն իրականում բավական մեղմել են իրավիճակը: Արդեն վերելակային տնտեսությունը սկսել է շունչ քաշել, տեսնում ենք, որ ընդհանուր թարմացում է տեղի ունենում: Փոխարինումները կատարվել են ու կատարվում են բոլոր վարչական շրջաններում»,- ասաց Արսեն Կարոյանը:

Քաղաքապետարանի ներկայացուցիչը կարևոր է համարում վերելակների օգտագործումը խնամքով կատարելու հարցը: Արսեն Կարոյանը նշեց, որ ընդհանուր առմամբ քաղաքացիները խնամքով են օգտագործում, սակայն քիչ չեն նաև խնդիրները:

«Մենք ունենում ենք վանդալային դրսևորումներ, թե ինչպես են կոճակներն այրում, դռները վնասում, թե ինչպես են աստիճանավանդակները ջրով լվանում, որը շատ ռիսկային է վերելակի համար: Ամբողջ ջրի զանգվածը լցվում է վերելակի հորանը: Վերելակները ժամանակակից են, հագեցած տարբեր տեսակի սենսորներով, չիպերով և հենց այդ աստիճանավանդակները ջրով լվանալը խնդիրներ է առաջացնում: Դրանից բացի, պետք չէ վերելակում թռիչքներ գործել ու փորձել ծանրաբեռնվածության մասին ազդարարող սենսորներին խաբել: Որևէ տեսակի թռիչք չի օգնելու, որ վերելակը շարժվի»,-նախազգուշացրեց Արսեն Կարոյանը:

Քաղաքապետարանի ներկայացուցիչը մեկ անգամ ևս հորդորեց բնակիչներին խնամքով օգտագործել, այդ վերելակներն իրենց սեփականությունն են:

Ձեզ կեհաքրքրի...