ՀԱՊԿ անդամներն ու Իրանը Աշխաբադյան հռչակագրով շնորհավորել են Ադրբեջանին՝ «օկուպացված տարածքների ազատագրման» կապակցությամբ
Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում նախօրեին Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի արդյունքներով անդամ պետությունների ու կառավարություններն ղեկավարներն ընդունել են ամփոփիչ հռչակագիր՝ «Գործողությունների Աշխաբադյան կոնսենսուսը»։ Հայկական կողմի համար փաստաթուղթն էական է այնքանով, որ այստեղ առկա են դրույթներ, որոնք առնչվում են Արցախյան 44-օրյա պատերազմին, իսկ կազմակերպության անդամ-երկրները շնորհավորում են Ադրբեջանին պատերազմում հաղթանակի կապակցությամբ։ Նշենք, որ այս կազմակերպության անդամներն են Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Պակիստանը, Ուզբեկստանը։ Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է․ «Շնորհավորում ենք Ադրբեջանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին՝ «օկուպացված տարածքների ազատագրման ու տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ», և հաստատապես հավատում, որ իրադարձությունների նման զարգացումը ճանապարհ կհարթի տարածաշրջանում կայուն խաղաղության ու տնտեսական բարգավաճման համար՝ բարիդրացիական հարաբերությունների հաստատման միջոցով»։ Բացի այդ, կոչ է արվում կազմակերպության անդամ-երկրներին՝ ուսումնասիրել «Ադրբեջանի ազատագրված տարածքներում» վերականգնման ու վերակառուցման ծրագրերում ներդրումներ կատարելու հնարավորությունները։ Ուշագրավ է, որ Հայաստանի հետ տնտեսական (ԵՏՄ) և անվտանգային (ՀԱՊԿ) դաշինքում գտնվող ու պայմանագրային դաշնակից համարվող երկրները՝ Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը, շնորհավորում են Ադրբեջանին «տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ»։ Այս երկրներին միացել է նաև մեր հարավային հարևան Իրանը։ Հավելենք, որ ավելի վաղ Ղազախստանը, Բելառուսը և Ղրղզստանը նախագահների ու ԱԳՆ-ի մակարդակով արդեն շնորհավորել էին Ադրբեջանին, այսպես կոչված, «Հաղթանակի օրվա» առթիվ։
Էմմա Չոբանյան