«Բայրաքթարները» լուրջ վտանգ են ներկայացնում նաեւ ՌԴ-ի համար

lurj vtang

  «Միայն տեսագրությունն արդեն հուզմունք առաջացրեց Ուկրաինայի արեւելքում. այդ երկիրն առաջին անգամ մարտական անօդաչու օգտագործեց Դոնբասում: Ռուսաստանը վրդովված է: Սպառնում է նոր էսկալացիա»,- գրել է գերմանական «Frankfurter Rundschau»-ը՝ այն բանից հետո, երբ օրեր առաջ ուկրաինացի զինվորականներն առաջին անգամ թուրքական արտադրության «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարք կիրառեցին եւ հրթիռային հարվածով, ըստ ուկրաինական աղբյուրների, ոչնչացրեցին հակառակորդի հրետանային զենքը: «Այսպիսի տեսագրությունները մեզ ծանոթ են Լեռնային Ղարաբաղի պատերազմից: Նկարահանվել է թիրախը՝ հաուբիցը, որի մոտ կանգնած են 3 հրետանավորներ: Նրանք հանկարծակի պառկում են գետնին, պայթյունից տարածվում է լույսի բռնկումը, ծխի սյուն է բարձրանում, երկու տղամարդ փախչում են, մյուսը քիչ անց միանում է նրանց»,- գրել է լրագրող Շտեֆան Շոլը: Հոկտեմբերի 26-ի երեկոյից սկսած, երբ ուկրաինական բանակն առաջին անգամ թուրքական մարտական «Բայրաքթար» օգտագործեց Դոնբասի պատերազմում, տեսագրությունը տարածվում է ուկրաինական ու ռուսական ԶԼՄ-ներում: Առաջինն այդ մասին հաղորդած ուկրաինացի ռազմական բլոգեր Ռոման Դոնիկի տեղեկություններով՝ «թշնամական հաուբիցի մարտկոցը մինչ այդ հրետակոծել է առաջնագծի Գրանիտնայա գյուղը 15 կմ հեռավորությունից, ինչի հետեւանքով երկու ուկրաինացի զինվոր վիրավորվել է, 1-ը՝ մահացու: Զինվորների ու քաղաքացիական անձանց կյանքը պահպանելու համար, որպես պատասխան, կիրառվել է «Բայրաքթար», որը բացահայտել է թշնամական մարտկոցն ու ոչնչացրել մեկ թնդանոթ: Սա իրադարձությունների զարգացման ուկրաինական վարկածն է: Փորձագետների կարծիքով՝ թուրքական արտադրության մարտական անօդաչուն գրոհի ժամանակ նետել է ցածր պայթուցիկ ուժով արկ: Թերեւս, դա է պատճառը, որ հրետանային անձնակազմին հաջողվել է ողջ մնալ: Բայց, ըստ Ուկրաինայի գլխավոր շտաբի, գործողության հրամանը տվել է անձամբ գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վալերի Զալուժնին: «Սովորաբար ԱԹՍ-ի օգտագործման որոշումն օպերատորն է կայացնում տեղում,- «Frankfurter Rundschau»-ին տված հարցազրույցում ասել է անվտանգության գծով կիեւյան փորձագետ Ալեքսեյ Մելնիկը:-Բայց արկի բավական թույլ հարվածը լսվել է Ուկրաինայի սահմաններից շատ հեռու»: Մելնիկը կարծում է, որ «Բայրաքթար» անօդաչուն մարտի է ուղարկվել նման ցուցադրական ձեւով՝ հակառակորդին ազդանշան ուղարկելու համար՝ զենքը, որ կա իրենց տրամադրության տակ, անպայման կօգտագործվի: Մոսկվան ընդունել է ազդանշանը: Ռուսաստանը, ինչպես նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, լավ եւ հատուկ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ: «Սակայն այս դեպքում, ցավոք, հաստատվում է մեր անհանգստությունը, որ ուկրաինական զինվորականներին զենքի նման տեսակների մատակարարումները կարող են հանգեցնել շփման գծում իրավիճակի ապակայունացման»,- հայտարարել է նա: Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Անդրեա Զասսեն նույնպես անհանգստություն է հայտնել, որ երկու կողմն էլ օգտագործում են անօդաչուներ, չնայած դա հնարավոր է միայն ԵԱՀԿ-ի թույլտվությամբ: 2014 թ. Մինսկի համաձայնագիրն արգելում է արտասահմանյան անօդաչու թռչող սարքերի օգտագործումն առաջնագծում: Այդուհանդերձ, Ռուսաստանը քարոզչական արշավ է սկսել, իսկ «WarGonzo» տելեգրամ-ալիքը հաղորդել է նավթային պահեստի վրա ուկրաինական ինքնաշեն ԱԹՍ-ի անհաջող հարձակման մասին: «Ռուսաստանն ավելի լավ մարտական դրոններ ունի, քան «Բայրաքթարներն» են: Դրանք պարզապես մարտական կիրառություն չունեն»,- իր բլոգում գրել է Կրեմլին մոտ կանգնած քաղաքագետ Սերգեյ Մարկովը: «Թուրքիան «Bayraktar TB2» է օգտագործել Սիրիայում, Լիբիայում, իսկ Ադրբեջանը՝ Լեռնային Ղարաբաղում: Շուրջ 150 կմ հեռահարությամբ մարտական անօդաչու թռչող սարքը տեխնիկապես վատ հագեցած Հայաստանի դեմ պատերազմի վճռորոշ զենքերից մեկն էր: Անօդաչուները նաեւ հսկայական ճնշում էին գործադրում մարտական ոգու վրա, քանզի ցանկացած պահի կարող էին անսպասելիորեն սպանել»,- նշված է հոդվածում: Ուկրաինացի անվտանգության փորձագետ Ալեքսեյ Մելնիկի կարծիքով՝ մարտական դրոնի օգտագործումը ռազմական բեկում չի ապահովի «նստած», դանդաղ պատերազմում՝ Ուկրաինայի ու Դոնբասի միջեւ: «Բայրաքթարի» հայտնվելը, ըստ նրա, հիմնականում հոգեբանական նշանակություն ունի: Ինչպես գրել է «Realtribune.ru»-ն, ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի գնդապետ Վիկտոր Ալկսնիսի կարծիքով՝ առաջիկա տարիներին հնարավոր չէ ռուսական բանակը զինել անօդաչուներով, հատկապես՝ հարվածային, լուծել դրանց մարտական կիրառության հետ կապված հարցերը: Ռուսականին, ըստ նրա, նույնիսկ ուկրաինական բանակն է գերազանցում այդ հարցում, ինչը ցուցադրել է Դոնբասում թուրքական մարտական անօդաչուի մարտական կիրառության ընթացքում: ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է «իրավիճակի ուսումնասիրության ու տեղեկատվության ստուգման» մասին՝ կապված մինսկյան համաձայնագրի այդ բացահայտ խախտման հետ: Այս դեպքում, սակայն, ի՞նչը պետք է ուսումնասիրվի եւ ստուգվի: Ուկրաինան խոստովանել է անօդաչուի օգտագործման փաստը, Դոնբասում ԵԱՀԿ-ի առաքելությունը նույնպես դա հաստատել է, եւ միանգամայն ակնհայտ է, որ անհրաժեշտ է ոչ թե ուսումնասիրել, այլ պատասխանել: Բայց ինչո՞վ պատասխանել: Բանն այն է, որ ռուսական բանակը գործնականում հարվածային ԱԹՍ-ներ չունի: Նրա զինանոցում միայն քիչ քանակությամբ հետախույզ-անօդաչուներ են: 2020 թ. ռուսական բանակն առաջին անգամ 3 հարվածային «Օրիոն» ԱԹՍ է ստացել, այս տարի պլանավորված է սկսել դրանց սերիական արտադրությունը: Բայց խնդիրն այն է, որ ՌԴ-ում գործնականում չկան հայրենական արտադրության շարժիչներ ԱԹՍ-ների համար, իսկ «Օրիոնի» համար ստիպված են եղել տեղադրել ավստրիական «BRP-Powertrain» ընկերության «Rotax 914» շարժիչներ, որոնց մատակարարումը ցանկացած պահի կարող է դադարեցվել միջազգային պատժամիջոցների պատճառով: Բացի այդ, լուրջ դժվարություններ կան՝ կապված էլեկտրոնային բաղադրիչների հետ, որոնցից շատերը Ռուսաստանում չեն արտադրվում: Երկրում բացակայում է տիեզերական արբանյակային միավորումը, որն ի վիճակի է ապահովել ԱԹՍ-ների կառավարումը, եւ դրանցից տեղեկատվություն ստանալ մեծ հեռավորությունների վրա: Հարկ է խոստովանել, որ այդ անօդաչուն թուրքականից աստիճանաբար վերածվում է թուրք-ուկրաինականի եւ առաջիկա տարիներին կդառնա ուկրաինա-թուրքական: Ուկրաինան ԱԹՍ-ների համար շարժիչներ է արտադրում Զապորոժիեի «Մոտոր Սիչ» գործարանում: Ցանկացած երկրից ցանկացած էլեկտրոնային բաղադրիչ առանց որեւէ խոչընդոտի մատակարարվում է Ուկրաինա, ի տարբերություն Ռուսաստանի: Իսկ դա Ուկրաինային թույլատրում է սկսել բոլոր տեսակների ԱԹՍ-ների մշակումն ու զանգվածային արտադրությունը: Ներկա պահին, ըստ ԶԼՆ-ների հաղորդած տեղեկությունների, ուկրաինական բանակն ունի «Bayraktar TB2» տեսակի 30 անօդաչու, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում ինչպես Դոնբասի, այնպես էլ ՌԴ-ի բանակի համար: Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմը, որին նրա կողմից ակտիվորեն մասնակցում էր Թուրքիան ինչպես անօդաչուների ու այլ զինատեսակների մատակարարմամբ, այնպես էլ իր զինվորականներով ու Սիրիայում հավաքագրած վարձկան-ահաբեկիչներով, որին աջակցում էին Իսրայելը, Պակիստանը եւ այլ երկրներ, բացահայտեց, որ Հայաստանը, լինելով Ռուսաստանի դաշնակիցը, տեխնիկապես թույլ է հագեցած: Հասկանալի է, որ այդ թուլությունը պետք է վերագրվեր ողջ ՀԱՊԿ-ին՝ Ռուսաստանի գլխավորությամբ, ինչը եւ հետագայում տեղի ունեցավ ու կապանքներից ազատեց նրա հակառակորդների ձեռքերը: Հենց այնպես չէ Թուրքիան հանգիստ զգում իրեն, երբ հայտարարում է Ղրիմը ռուսական տարածք չճանաչելու իր որոշման մասին: Այնքանով, որքանով Ռուսաստանն օգնեց իր դաշնակցին արցախյան պատերազմում, այսօր աշխարհում չափվում է Մոսկվայի հզորության աստիճանը: Ուկրաինան, եթե անկեղծ, նույնիսկ չպետք է փորձեր հակադրվել Մոսկվային, մինչդեռ այսօր ինքն է նախահարձակ լինում: Ավելի ճիշտ՝ ստուգում է ՌԴ-ի արձագանքի կոշտությունը, բայց առայժմ՝ թույլ արկով՝ հնարավոր պատասխան գործողություններից խուսափելու համար: Իսկ եթե, Աստված չանի, պատերազմական գործողություններ սկսվեն Դոնբասում, որեւէ մեկը կասկածո՞ւմ է, թե իրեն ինչպես կդրսեւորի Թուրքիան՝ իր ուղեծրում պտտվող թյուրքալեզու երկրների, ինչպես նաեւ քաղաքական այլ շահեր ունեցողների հետ միասին: Հարկ է նշել, որ ուկրաինական ԱԹՍ-ի հարձակումը տեղի է ունեցել Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Սոչի մեկնելուց ընդամենը չորս օր անց: Իսկ մոտ ժամանակներս ուկրաինական կառավարական պատվիրակությունը կմեկնի Վաշինգտոն՝ երկկողմ ռազմավարական գործընկերության հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար, որի ընթացքում կողմերը կստորագրեն Ուկրաինայի ու ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական գործընկերության խարտիան՝ նոր խմբագրությամբ:

hhpress.am

Ձեզ կեհաքրքրի...