Թուրքական զենքը կարող է պայթել աշխարհի ցանկացած անկյունում
Թուրքական հարվածային անօդաչու թռչող սարքերի («Bayraktar») նկատմամբ հետաքրքրությունն աճեց Սիրիայում եւ հատկապես Արցախում ռազմական գործողություններից հետո։ Աշխարհաքաղաքական, տնտեսական հարցեր լուծելուց, ինչպես նաեւ ջրային եւ այլ ռեսուրսների տիրանալուց բացի արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում Թուրքիան էլ ավելի մեծացրեց իր ռազմական նշանակության արտադրանքների նկատմամբ հետաքրքրությունը։ Թուրքական «Baykar» ընկերությունը հայտարարել է «Bayraktar TB2» հարվածային անօդաչու թռչող սարքերի արտահանման աշխարհագրության ընդլայնման մասին։ Հոկտեմբերի 27-ին թուրքական ընկերությունը «Twitter»-ում գրառում էր կատարել, ըստ որի՝ «Bayraktar TB2 SIHA»-ի մատակարարման արտահանման պայմանագիր են ստորագրել մեկ այլ երկրի հետ եւս։ Անցած շաբաթ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հայտարարել էր Թուրքիայից «Bayraktar», իսկ Ռուսաստանից՝ «Orlan 10E» հետախուզական անօդաչու սարքեր գնելու մտադրության մասին։ Ղրղզստանի փոխվարչապետ Կամչիբեկ Տաշիեւը նշել էր, որ իրենց զինծառայողներն արդեն վերապատրաստում են անցնում Թուրքիայում։ Ղրղզստանը ՀԱՊԿ առաջին երկիրն է, որը կգնի թուրքական անօդաչուներ։ Ի դեպ, Ղրղզստանում է ռուսական «Կանտ» ավիաբազան, որը պատկանում է արագ արձագանքման հավաքական ուժերին եւ ապահովում է ՀԱՊԿ պետությունների օդային տարածքի անվտանգությունը: «Բայրաքթար» սարքերն այս տարվա սեպտեմբերին ցուցադրվել էին նաեւ Աշխաբադում Թուրքմենստանի 30-ամյակի կապակցությամբ անցկացված շքերթի ժամանակ։ Սրանով Թուրքիան ամրապնդում է իր դիրքերը՝ ձգտելով դառնալ զենք եւ զինամթերք արտադրող, արտահանող երկրներից մեկը ոչ միայն Կենտրոնական Ասիայում, այլեւ ամբողջ աշխարհում։ «Տարածվում» է ոչ միայն դեպի Արեւելք, այլեւ եվրոպական ուղղությամբ։ Այսպես, հաջորդ տարի Լեհաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրը, որը զինված կլինի թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերով։ Դեռեւս մայիսին Լեհաստանի պաշտպանության նախարարը նշել էր, որ թուրքական անօդաչու սարքերը մեծ ներուժ են դրսեւորել Արեւելյան Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում ռազմական գործողությունների ժամանակ։ «Bayraktar BT2» մոդելը գնելու ցանկություն են հայտնել նաեւ Սերբիան եւ Հունգարիան, հաղորդում է «Anadolu» գործակալությունը։ Բացի այդ, տեղեկություններ կան այն մասին, որ Մեծ Բրիտանիան մտադիր է հրաժարվել մեծ չափերի ամերիկյան «Protector» անօդաչու սարքերից եւ դրանք փոխարինել ավելի մատչելի թուրքականով։ Նշենք, որ թուրքական «Բայքար» ընկերության տեխնիկական տնօրեն Մակինա Սելջուկ Բայրաքթարը Աքսարայ քաղաքում անցկացվող «Technofest» ցուցահանդեսի ժամանակ հայտարարել էր, որ «Baykar Makina»-ի շահույթի մոտ 70 տոկոսը ստացվում է արտահանումից, եւ երբեմն դժվարություններ են ունենում պահանջարկը բավարարելու հարցում: Ընկերությունը մինչ օրս կնքել է 10-ից ավելի արտահանման պայմանագիր։ Նա հավելել է, որ այժմ աշխատում են «Akıncı» (թարգմանաբար՝ առաջ) անօդաչու թռչող սարքի արտադրության, «Bayraktar TB3» հարվածային անօդաչու թռչող սարքի, ինչպես նաեւ անօդաչու ռազմական ինքնաթիռի նախագծման վրա։ Ինչպես եւ սպասելի էր, թուրքական անօդաչու թռչող սարքը գործողության մեջ դրվեց նաեւ ռուս-ուկրաինական հակամարտության շրջանակներում։ Հոկտեմբերի 26-ին Ուկրաինան հայտարարել էր Դոնբասում բայրաքթարի առաջին մարտական օգտագործման մասին։ Ընդամենը շուրջ մեկ ամիս առաջ Սոչիում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպման ժամանակ Կրեմլը մտահոգություն էր հայտնել Կիեւին այդ զենքի մատակարարման պայմանագրի ստորագրման կապակցությամբ։ Ռազմարդյունաբերության ոլորտը զարգացնելու, զենք եւ զինամթերք արտադրող, արտահանող երկրների շարքում առաջատարը լինելու ձգտմանը զուգահեռ Թուրքիան փորձում է նաեւ փոքրացնել այս բնագավառում ունեցած կախվածությունն իր «հին» գործընկերներից։ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հետ «F-15»-ի եւ «C-400»-ի շուրջ լարվածությունը դեռ չկարգավորած` Թուրքիան մտադիր է պայմանագրեր կնքել երկու հարավկորեական ընկերությունների հետ ապագա թուրքական «Ալթայ» մարտական տանկի համար շարժիչների եւ փոխանցման մեխանիզմների մատակարարման վերաբերյալ, այդ մասին տեղեկացնում է «Defense News»-ը։ «Ալթայի» արտադրությունը զգալիորեն հետաձգվել էր, քանի որ խնդիրներ էին առաջացել հիմնական բաղադրիչների, այդ թվում՝ շարժիչների եւ փոխանցման տուփերի հետ կապված. դրանց ստացումը սառեցվել էր գերմանական ընկերությունների կողմից Սիրիայում ռազմական գործողություններին Թուրքիայի ներգրավվածության պատճառով։ Այսկերպ Անկարան լուծում է հավասարակշռման եւ տարբեր խաղացողներից կախվածության հարցը, իսկ բավարար չափով անկախություն ձեռք բերելուց հետո չի բավարարվելու միայն զենք եւ զինամթերք վաճառելով, դրան հետեւելու է նաեւ թուրքական շահերից բխող քայլերի ու գործողությունների պարտադրումը թուրքական զենքի տրամադրման դիմաց։ Սրանով Թուրքիան լրացուցիչ ռիսկեր եւ մարտահրավերներ է առաջացնելու տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում գրեթե մազից կախված խաղաղությունը պահպանելու համար։
hhpress.am