Bloomberg․ «Սիրիայում Թուրքիայի նպատակը Քոբանին գրավելն է»

Turqia

  Ամերիկյան Bloomberg-ի հետ զրույցում թուրքական աղբյուրները հայտնել են, որ Ռոժավայում ռազմական գործողություն սկսելու նպատակով Թուրքիան մեծացրել է նախապատրաստական աշխատանքները։ Աղբյուրներից մեկը նշել է, որ Թուրքիայի նպատակը Եփրատի արևելքը և արևմտյան շրջանները վերահսկողության տակ վերցնելու նկատառումով Քոբանին գրավելն է։

Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ «Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակցի դեմ հնարավոր հարձակման համար ամրացնում է իր զորքերը Սիրիայում» վերտառությամբ հոդվածում։

Հոդվածում նշվում է, որ Անկարան աշխատանքներ է կատարում Սիրիայի դեմոկրատական ուժերի (DSG) դեմ գործողության համար, որոնց ողնաշարը կազմում են Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումները (YPG)։ Ընգդծվում է, որ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող ուժերի դեմ տարվող այդ աշխատանքների շրջանակում հարյուրավոր զինվորներ են ուղարկվել Սիրիայի հյուսիս։

«Ծրագրվող գործողությամբ Թուրքիան ցանկանում է վերահսկել 910 կիլոմետր երկարություն ունեցող սահմանի երկու երրորդը։ Թուրքիայի նպատակը Եփրատի արևելքը և արևմտյան շրջանները վերահսկողության տակ վերցնելու համար Այն Էլ Արաբը (Քոբանի) գրավելն է»,- նշել է անանուն աղբյուրներից մեկը։ Մյուս աղբյուրը հավելել է, որ Թուրքիան նպատակ ունի նաև վերցնել Ազեզի մոտակայքում գտնվող «Մենագհ» ավիաբազան։

Նույն պաշտոնյաներն ընդգծել են, որ Անկարան որպես մարտավարական հնարք հայտնել է Իդլիբի հարավային M4 ավտոճանապարհի որոշ շրջաններից թուրքական զինուժի ետ քաշվելու մասին, որպեսզի Մոսկվան բացահայտ դեմ դուրս չգա Թուրքիայի պատերազմական ծրագրերին։

Հոդվածում հիշեցվել է, որ Էրդողանը դեռևս այս ամսվա սկզբին ակնարկել էր Ռոժավայում ռազմական գործողություն սկսելու մասին։ Միաժամանակ շեշտվել է, որ հնարավոր գործողությունը Թուրքիայի ներսում կարող է ապահովել ազգայնական-պահպանողականների աջակցությունն Էրդողանին, սակայն այն մեծացնելու է ԱՄՆ-ի և Թուրքիայի միմյանց դեմ դուրս գալու և դոլարի նկատմամբ թուրքական լիրայի էլ ավելի արժեզրկման ռիսկը։

ermenihaber.am

Ձեզ կեհաքրքրի...