Թուրքիան «վերջնագիր» է ներկայացրել ԱՄՆ-ին

F16

 ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Խորվաթական «Advance»-ը գրում է, որ Անկարան ցանկանում է ինքնուրույն որոշումներ կայացնել ու տարածել իր ազդեցությունը: Դա ընդհանրապես չի բավարարում ամերիկացիներին, որոնք դաշնակիցների մեջ ամենից ավելի գնահատում են լսելու ունակությունը: Բայց Թուրքիան ԱՄՆ-ի համար կարեւոր է: Միացյալ Նահանգները հասկանում է, որ թուրքերը կարող են հետ քաշվել Արեւմուտքից ու սկսել խաղը «մեկ այլ թիմում»: Դատելով ստացվող տեղեկատվությունից՝ այս երկու երկրների հարաբերությունները չեն բարելավվում: Ավելին՝ առկա լարվածությունը կարող է առավել սրվել: Չնայած Վաշինգտոնի ու Անկարայի միջեւ գոյություն ունեցող բազմաթիվ տարաձայնություններին՝ պատճառը, ըստ էության, շատ պարզ է: Էրդողանի Թուրքիան ցանկանում է ավելի ինքնավար դառնալ եւ իր ազդեցությունը տարածել երեք մայրցամաքներում: Իսկ Թուրքիան արդյոք մնո՞ւմ է ՆԱՏՕ-ի չեզոք ու լսող դաշնակիցը: Ինչ-որ առումով՝ այո, բայց, անկասկած, աստիճանաբար դուրս է գալիս սահմաններից: Էրդողանը ճարպկորեն կերտում է նոր հանդուգն Թուրքիայի իմիջ՝ միաժամանակ չընդունելով այնպիսի որոշումներ, որոնք կարող են սասանել նրա իշխանությունը, այսինքն՝ սադրել ՆԱՏՕ-ի «շեֆի», այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ի դժգոհությունը: Էրդողանը հիշում է, որ արդեն մի անգամ իրեն փորձել են գահընկեց անել, եւ ով էլ որ լինի կազմակերպիչը, 2016 թ. ամռանը դա նրան գրեթե հաջողվել էր: Այսօր, երբ դրանից անցել է ավելի քան հինգ տարի, Էրդողանը շարունակում է «մաքրել» այդ խռովության մնացորդները: Այլ խոսքերով՝ նա առաջվա պես շարունակում է հրամաններ տալ՝ երկրում մարդկանց զանգվածային ձերբակալություններ կատարելու, հիմնականում՝ զինված ուժերի շարքերում, անվտանգության ուժերում, ողջ պետական կառուցվածքում: Հինգ տարի անց դժվար թե բոլորը հնգամյա վաղեմության խռովության մասնակիցներ են: Հավանաբար, ոչ բոլորը: Սակայն Էրդողանը վարչակարգի խորը ու հիմնարար զտումներ է իրականացնում՝ իրեն ավելին թույլ տալով, քան, օրինակ, Ալեքսանդր Լուկաշենկոն՝ իր երկրում: Ո՞վ գիտի, թե իրականում քանի անմեղ մարդ է նստած թուրքական բանտերում (շատերը դեռ չեն դատապարտվել), բայց որ նրանք շատ են, ոչ մի կասկած չկա: Այնքան շատ, որ կարելի է ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, քան Բելառուսի կամ նույնիսկ Ռուսաստանի դեմ կիրառվածներն են, եթե խոսենք դատապարտված Նավալնու ու նրա կողմնակիցների մասին: Էրդողանի դեմ այդպիսի միջոցներ չեն օգտագործվում, ինչը հստակ հաստատում է նրա նշանակությունը լայն աշխարհառազմավարական համատեքստում: Մոսկվայի կամ Մինսկի դեմ պատժամիջոցների կիրառումը հեշտ է, քանի որ նրանց արդեն ներառել են մեկուսացման դատապարտված տարածքների ցուցակում: Սակայն Թուրքիայի դեպքում միշտ ամեն ինչ այլ կերպ է եղել: Անկարան շատ պատճառներով է կարեւոր, ուստի նրան շատ բան է թույլատրված: Բոլորն էլ հասկանում են, որ հակառակ դեպքում Թուրքիան պարզապես կհեռանա Արեւմուտքից: «ՀՀ»-ն բազմիցս է նշել, որ Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները նկատելիորեն վատթարացել են այն բանից հետո, երբ Թուրքիան գնեց ռուսական զենիթահրթիռային C-400 համակարգեր: Վաշինգտոնը հրաժարվեց թուրքերին F-35 կործանիչներ վաճառել՝ հայտարարելով, որ ռուսական C-400-ները անհամատեղելի են ՆԱՏՕ-ի պաշտպանության հետ: Այլ խոսքերով՝ ԱՄՆ-ն հասկացնում է, որ չի ցանկանում, որ ժամանակակից ու բարձր տեխնոլոգիական F-35-երը ընդհանրապես մոտ գտնվեն ռուսական C-400-ներին: Ամերիկացիները վախենում են, որ այդ համակարգերը կարող են F-35-երի գաղտնի դիտարկում անցկացնել, ուսումնասիրել դրանք ու տվյալները փոխանցել ռուսներին: Այդ դեպքում մի գեղեցիկ օր C-400-ները կարող են «ծայրահեղ արդյունավետ» դառնալ ամերիկյան F-35-երի հետ պայքարում, ինչն ԱՄՆ-ի համար, բնականաբար, անթույլատրելի է: Բայց Թուրքիան ցանկանում է ամեն գնով արդիականացնել իր ռազմաօդային ուժերը եւ ԱՄՆ-ին փոխզիջումային որոշում է առաջարկել: Թուրքերն ուզում են վերջին՝ «Block-70» մոդելի 40 հատ F-16 գնել եւ արդիականացնել թվով 80 F-16-եր: Դա կարժենա մոտ 7 մլրդ դոլար: Այդ թեմայով բանակցությունները, ըստ որոշ տեղեկությունների, արդեն ընթանում են, բայց դեռ հաստատում չի ստացվել, որ ԱՄՆ-ն, այսինքն՝ ամերիկյան Կոնգրեսը հավանություն է տվել Թուրքիային այդ ինքնաթիռների վաճառքին, չնայած դրանք, ինչպես երեւում է, «կարող» են C-400-ների հետ գտնվել նույն երկրում: Բացի այդ, ԱՄՆ-ն առաջվա պես Թուրքիայից պահանջում է հրաժարվել ռուսական C-400-ներից, սակայն Անկարան համառորեն դիմադրում է, չնայած այն բանին, որ ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ նույնիսկ պատժամիջոցներ է կիրառել. ցուցակում հայտնվել են որոշ թուրք ղեկավարներ: Թուրքիայի ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը` Իսմայիլ Դեմիրը, նույնպես հայտնվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ: Նրա անունը ցուցակում է հայտնվել այն պատճառով, որ Դեմիրը մասնակցել է ռուսական C-400-ների գնմանը, եւ այժմ հենց նա է շատ կոշտ զգուշացրել Վաշինգտոնին, որ եթե ԱՄՆ-ն հրաժարվի իրենց F-16-եր վաճառել, թուրքերը կրկին կդիմեն ռուսներին ու նրանցից կգնեն առաջադեմ ինքնաթիռներ: Իրավիճակը փոքր-ինչ մեղմել է փորձում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ով վերջին շրջանում իրեն դրսեւորում է որպես մի մարդ, ում հետ ԱՄՆ-ի համար ավելի հեշտ է խոսել: Դեմիրի հնչեցրած սպառնալիքներն սպասելի էին: Արդեն վաղուց պարզ էր, որ Թուրքիան Ռուսաստանի հետ իր հարաբերություններն օգտագործում է որպես ջոկեր ԱՄՆ-ի հետ հարաբերությունները պարզելիս: Հարցը միայն այն է, թե Անկարային որքան երկար կհաջողվի խաղալ այդ խաղը, քանզի եթե մի օր նա որոշի այնպիսի քայլ կատարել, որը կհանգեցնի ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խզմանը (իսկ ռուսական ինքնաթիռների գնումը կարող է նման քայլ լինել), Թուրքիան ակնթարթորեն կհայտնվի միանգամայն այլ դրության մեջ, ինչի մասին դեռ, հնարավոր է, թուրքերը չեն էլ մտածում: Անհասկանալի է, թե այս ամենի մասին ինչ է մտածում Էրդողանը: Այսինքն՝ արդյոք հասկանո՞ւմ է նա, որ Արեւմուտքի բարյացակամությունը բացատրվում է ոչ թե իր քաղաքական արվեստով, այլ Թուրքիայի ընդհանուր աշխարհաքաղաքական կարեւորությամբ՝ Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ աճող լարվածության ֆոնին: Թուրքիայի նկատմամբ գրեթե խորհրդանշական պատժամիջոցները կարող են ավելի կոշտ լինել, նաեւ ՆԱՏՕ-ի կազմում նրա օրերը կարող են հաշվված լինել, եթե Անկարան վճռի իր ռազմաօդային ուժերի արդիականացումն իրականացնել ռուսական կործանիչների հաշվին: Իհարկե, Թուրքիան հիմա նման ծայրահեղ քայլ չի կատարի: Նրա սպառնալիքներն իրականում ԱՄՆ-ի վրա ճնշում գործադրելու փորձ են՝ ցանկալին ստանալու եւ միաժամանակ սեփական դիրքորոշումն ամրապնդելու համար, ինչպես նաեւ Արեւմուտքին ասելու. «Եթե մեզ ճնշեք, կգնանք դեպի Ռուսաստան»: Սակայն C-400-ները կարող են ամերիկյան նոր պատժամիջոցների պատճառ դառնալ, իսկ դա լուրջ հարված կհասցնի թուրքական տնտեսությանը, որն առանց այդ էլ լավ վիճակում չէ: Վաշինգտոնում արդեն հասկացել են երկու լարի վրա խաղալու Էրդողանի քաղաքականությունը եւ որեւէ նշանակություն չեն տալիս «դեպի Ռուսաստան թեքվելու» սպառնալիքներին…

hhpress.am

Ձեզ կեհաքրքրի...