Դժգոհ ձկնորսները փակել են Երևան-Սևան մայրուղին, պաշտոնյաները պնդում են՝ սիգի որսը պետք է կանոնակարգվի

Djgoh

  Գեղարքունիքի մարզի մի խումբ բնակիչներ, որոնք Սևանա լճում ձկնորսությամբ են զբաղվում, այսօր փակել էին Երևան-Սևան մայրուղին։ Նրանք դժգոհում էին, որ իրենց արգելում են ձուկ որսալ։ «Մեզ չեն թողնում ձուկ բռնել, ու մենք էլ առաջարկում ենք դա անել որոշակի գումարի դիմաց։ 10-20 տարի է` ձուկ ենք բռնել, ոչ ոք մեզ բան չի ասել, հիմա եկել են ու մեզ ասում են` չենք թողնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։ Սևանում ապօրինի ձկնագողության դեմ պայքարելու համար Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկել էր իրականացնել սիգի փորձարարական որս: Փորձարարական որսի ընթացքում թույլատրվում է որսալ միայն 500 գրամը գերազանցող ձկները: Ցուցարարներն էլ նշում են, որ այս սեզոնին դրանով են ընտանիք պահում։ «Շրջակա միջավայրի նախարարությունը որոշել է արդյունագործական ձկնորսություն թույլ տալ. ապրիլից սեպտեմբեր տվել են 250 տոննա ձկան պաշարի որսի թույլտվություն: Լճում աշխատում է մոտավորապես հազար մոտորանավակ: Եթե հաշվում ես՝ ապրիլից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում թույլ է տրվում յուրաքանչյուր մոտորանավակ որսա 250 կգ ձուկ: Դա օրական կազմում է 1,5 կգ, որը 3-4 ձուկ է: Սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ը էլի լրացուցիչ թույլ են տվել 100 տոննա ձուկ որսալ»,- նշեց ակցիայի մեկ այլ մասնակից։ Ճանապարհը փակած քաղաքացիների հետ հանդիպել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Վերջինս լրագրողներին հայտնել է, որ խնդիրը բավականին խորն է․ 2004 թվականից արդյունագործական ձկնորսություն չկա, ոլորտի պատասխատուները հանձն են առել ոլորտը կարգավորել։ «Բոլորս գիտակցում ենք, որ երկար տարիներով չկարգավորված ոլորտը կարգավորելիս կարող են որոշակի խնդիրներ առաջանալ։ Երկու օր է՝ կարգը գործում է, մեր քաղաքացիները որոշակի խնդիներ են տեսել։ Դրա համար իրենց բողոքի ձայնն են բարձրացնում։ Պայմանավորվել ենք, որ շաբաթ-կիրակի իրենց բարձրաձայնած խնդիրները ձևակերպեն, գրավոր ներկայացնեն Շրջակա միջավայրի նախարարություն։ Հարցեր կան, որոնց պատասխանները հիմա էլ կան, հարցեր կան, որոնք որոշակի օրենսդրական կարգավորման կարիք ունեն, հարցեր կան, որոնց լուծումը որոշակի ժամանակ է պահանջում։ Ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ մեր ձկնորսները համամիտ են՝ խելամիտ կարգավորումների արդյունքում աշխատել օրենքի շրջանակում»,- ասել է մարզպետը։ Ցուցարարներն արդեն բացել են մայրուղին՝ պայմանով, որ, եթե մինչև երեքշաբթի խնդրին լուծում չտրվի, ապա նորից կփակեն ճանապարհը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին մեկնարկել է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի փորձարարական ծրագիրը, որը հետագա տարիներին նախատեսում է դարձնել Սևանա լճում ձկնապաշարի վերականգնման հիմնական համակարգը։ Արդյունագործական ձկնորսության համար գործում են հատուկ կանոններ` որսվող սիգի քաշը նվազագույնը պետք է լինի 0.5 կգ։ Ավելին՝ որս պետք է կատարել ափերից նվազագույնը 500 մետր հեռավորությամբ։ Սիգի օրինական որսը հատուկ ընթացակարգով է ընթանում. 17 կետ է նախանշվել, որտեղից նավակները դուրս են գալիս որսի, իսկ օրվա վերջում «Սևան ազգային պարկի» աշխատակիցները կշռում են բռնած ձկնապաշարը։   Արփի Հակոբյան

 factor.am

Ձեզ կեհաքրքրի...